Մատչելի հղումներ

Հռոմի պապը հրապարակայնորեն հրաժեշտ կտա փետրվարի 27-ին


Վատիկանի համաձայն, սպասվում է, որ նոր հովվապետն ընտրված կլինի մինչև այս տարվա Սուրբ Հարության տոնը

Վատիկանի խոսնակի համաձայն, Հռոմի Բենեդիկտոս XVI պապը հրապարակայնորեն հրաժեշտ կտա Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդներին փետրվարի 27-ին՝ իր պաշտոնական հրաժարականի օրվա նախօրեին:

Խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին երեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ այդ օրը հովվապետը «հավատացյալների հետ վերջին հանդիպումը» կանցկացնի Սուրբ Պետրոսի հրապարակում: Վատիկանի համաձայն, սպասվում է, որ նոր հովվապետն ընտրված կլինի մինչև այս տարվա Սուրբ Հարության տոնը:

Հռոմի Բենեդիկտոս XVI պապը նախօրեին հայտարարել է իր գահից հրաժարական ներկայացնելու մասին:

Բենեդիկտոս XVI-ի կողմից արված հայտարարության համաձայն, գահին նա կմնա մինչև փետրվարի 28-ը:

Հովվապետն ասել է, թե լքում է գահը, քանի որ վերջին մի քանի ամսվա ընթացքում զգալիորեն թուլացել է՝ «այն աստիճանի, որ պետք է ճանաչեի ինձ վստահված հովվական առաքելությունն իմ կողմից պատշաճ կերպով կատարելու անկարողությունը»:

Այս ամսվա վերջ Հռոմի պապի կողմից գահը լքելուց հետո Սուրբ Պետրոսի գահը կմնա թափուր, կարդինալների գաղտնի ժողով կհավաքվի՝ նոր Պապ ընտրելու համար:

Հռոմի Բենեդիկտոս XVI պապն իր հայտարարության մեջ ասել է, որ կշարունակի «նվիրված ծառայությունը եկեղեցուն՝ աղոթելուն նվիրված կյանք վարելու միջոցով»:

85-ամյա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը կդառնա մի քանի դարի ընթացքում Հռոմի առաջին պապը, որը հրաժարվում է իր գահից:
XS
SM
MD
LG