Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը մաղթել է, որ Սիրիայի ժողովրդի, այդ թվում՝ սիրիահայերի կյանքը շատ շուտով մտնի բնականոն հուն

Հռոմի Բենեդիկտոս XVI պապն ամանորյա պատարագ է մատուցել՝ կոչ անելով խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում և դատապարտելով աղքատների և հարուստների միջև առկա անհավասարությունը:

Հանդես գալով Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում Կաթոլիկ եկեղեցու կողմից Խաղաղության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ հովվապետը քննադատության է ենթարկել «չկարգավորվող ֆինանսական կապիտալիզմը»:

Ամանորյա շնորհավորական ուղերձներով են հանդես եկել նաև աշխարհի բազմաթիվ պետությունների առաջնորդներ, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հորդորել է երկրի քաղաքացիներին աշխատել համատեղ, վստահորեն շարժվել առաջ և հաղթահարել այն դժվարությունները, որոնց նրանք կհանդիպեն 2013 թվականին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձում երջանկություն ու ապահովություն, խաղաղություն, ինչպես նաև «հարցեր տալու ու պատասխաններ փնտրելու համար անհրաժեշտ գիտելիքներ» է մաղթել Հայաստանի ժողովրդին:

«Անցնող տարին նաև փորձության տարի էր հատկապես սիրիահայ մեր եղբայրների և քույրերի համար: Ես ոգու կորով և արիություն եմ մաղթում նրանց, ովքեր ապաստանել են հայրենիքում և նրանց, ովքեր Սիրիայում են: Տա Աստված, որ շատ շուտով դադարեցվի արյունահեղությունը, խաղաղություն հաստատվի մեր բարեկամ երկրում, և Սիրիայի ժողովրդի, այդ թվում՝ մեր հայրենակիցների կյանքը մտնի բնականոն հուն», - իր ամանորյա ուղերձում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
XS
SM
MD
LG