Մատչելի հղումներ

Ոստիկանությունն Ալեքսանդիայում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ


Նոր սահմանադրության կողմնակից պահպանողական իսլամիստները և սահմանադրության դեմ հանդես եկող ցուցարարների բախումները դադարեցնելու համար ոստիկանության հատուկ ուժերը ստիպված են եղել ուժ կիրառել

Եգիպտոսի հյուսիսային Ալեքսանդրիա քաղաքում երկրի սահմանադրության նախագծի շուրջ վիճահարույց հանրաքվեի անցկացման երկրորդ փուլի նախօրեին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց ընթացքում ոստիկանության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել:

Նոր սահմանադրության կողմնակից պահպանողական իսլամիստները և սահմանադրության դեմ հանդես եկող ցուցարարների կողմից ուրբաթ օրն անցկացված ցույցերի մասնակիցները քարկոծել են միմյանց՝ ստիպելով ոստիկանության հատուկ ուժերին միջամտել և արցունքաբեր գազ կիրառել՝ վերջիններիս առանձնացնելու նպատակով: Վնասվածքներ ստացածների մասին հաղորդագրություններ դեռևս չեն եղել:

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, թե անցյալ շաբաթվա վերջին սահմանադրության նախագծի շուրջ անցկացված քվեարկության արդյունքում ինքը հաղթանակած է դուրս եկել: Ընդդիմությունը սակայն պնդում է, որ քվեարկության ընթացքում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ:

Սահմանադրության նախագծի շուրջ հանրաքվեի առաջին փուլն անցկացվել էր Եգիպտոսի 27 նահանգներից 10-ում, ներառյալ երկրի խոշորագույն երկու քաղաքներ Կահիրեն ու Ալեքսանդրիան: Հանրաքվեի երկրորդ փուլը կանցկացվի մնացած նահանգներում, որոնց բնակչությունը հիմնականում կազմում են կրոնական պահպանողական հայացքների հարող գյուղացիական վայրերի բնակիչները:

Եգիպտոսի սահմանադրության նախագիծն օրենքի ուժ ստանալու համար պետք է հավաքի քվեարկության մասնակիցների ձայների պարզ մեծամասնությունը:

Երկրի նախագահ Մորսիին աջակցող «Մահմեդական եղբայրության» համաձայն, հանրաքվեի առաջին փուլում սահմանադրության նախագիծը հավանության է արժանացրել քվեարկողների 56 տոկոսը:

XS
SM
MD
LG