Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մոտակա ժամանակ կայցելեն տարածաշրջան


«Համանախագահները կրկնել են իրենց մտահոգությունները դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիական ավիացիայի թռիչքների խնդրի, ինչպես նաև շփման գոտում վերջերս գրանցված բռնությունների կապակցությամբ»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ անցյալ շաբաթվա վերջին առանձին անցկացված հանդիպումներից հետո այսօր հանդես են եկել հայտարարությամբ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Քելին (ԱՄՆ) մարտի 2-ին հանդիպում են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, իսկ մարտի 3-ին՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները կրկնել են իրենց մտահոգությունները դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիական ավիացիայի թռիչքների խնդրի, ինչպես նաև շփման գոտում վերջերս գրանցված բռնությունների կապակցությամբ: Նրանց քննարկել են նաև զինադադարն ամրապնդելու գաղափարները», - ասված է հայտարարության մեջ:

«Գալիք մի քանի շաբաթվա ընթացքում համանախագահները կայցելեն տարածաշրջան՝ նախագահների հետ հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված հետագա քայլերը քննարկելու նպատակով», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

XS
SM
MD
LG