Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման կայցելի Իսրայել, Հորդանան և պաղեստինյան տարածքներ


Օբաման Հորդանան գետի արևմտյան ափ և Հորդանան կայանալիք այցի ընթացքում «կշարունակի իր սերտ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմանի և տարածաշրջանային խնդիրների շուրջ»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շուտով կկատարի իր առաջին այցը Իսրայել՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: Նա կայցելի նաև Հորդանան գետի արևմտյան ափ և Հորդանան՝ անցկացնելու համար խնդիրների լայն շրջանակի քննարկմանը նվիրված բանակցություններ, ներառյալ Սիրիայում տիրող իրավիճակն ու Իրանի հետ հարաբերություններում աճող լարվածությունը:

Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին՝ հավելելով, որ նախագահ Օբաման և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցի հնարավորությունը քննարկել են հեռախոսով դեռևս անցյալ ամիս:

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղարի համաձայն, Օբաման կայցելի նաև Հորդանան գետի արևմտյան ափ և Հորդանան՝ շարունակելու համար իր «սերտ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմանի և տարածաշրջանային խնդիրների շուրջ» պաղեստինցիների ինքնավարության և Հորդանանի պաշտոնյաների հետ:

Իսրայելի լրատվամիջոցները հայտնել են, թե նախագահ Օբաման իր այցը կմեկնարկի մարտի 20-ին: Քարնին չի հաստատել այս տեղեկությունները՝ ասելով, որ այցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների մասին, ներառյալ ճանապարհորդության հստակ ամսաթիվը, կտեղեկացվի ավելի ուշ:

XS
SM
MD
LG