Մատչելի հղումներ

Օբաման և բազմաթիվ ամերիկացիներ ուրբաթ առավոտյան մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք կմատուցեն Նյութաուն քաղաքում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած սպանդի զոհերին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և բազմաթիվ ամերիկացիներ ուրբաթ առավոտյան մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք կմատուցեն Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած սպանդի զոհերին:

«Սենդի Հուք» տարրական դպրոցում անցյալ ուրբաթ օրը 20-ամյա Էդամ Լանզայի կողմից բացված կրակի զոհ է գնացել 26 մարդ, որոնցից 20-ը երեխաներ են եղել:

Քննիչների կարծիքով, դպրոց ուղևորվելուց առաջ Լանզան սպանել էր իր մորը, իսկ դպրոցում վայրագ սպանություններն իրականացնելուց հետո ինքնասպան է եղել: Իշխանությունները դեռևս չեն կարողացել հայտնաբերել Լանզայի գործողությունների դրդապատճառը:

Նյութաունում տեղի ունեցած սպանդը նոր թափ է հաղորդել Միացյալ Նահանգներում հրազենի նկատմամբ վերահսկողության և հրազենի կիրառմամբ բռնությունների իրականացման հետ կապված խնդիրների շուրջ քննարկումներին: ԱՄՆ-ում նախօրեին առաջին անգամ հավաքվել է Կոնեկտիկուտ նահանգում կատարված սպանություններին ի պատասխան կազմավորված՝ սպառազինության կիրառմամբ բռնությունները սանձահարելու խնդիր հետապնդող դաշնային աշխատանքային խումբը: Աշխատանքային խմբի առաջին հանդիպման ընթացքում փոխնախագահ Ջո Բայդենն ասել է, որ նախագահ Օբամայի վարչակազմը վճռական է այս խնդրին լուծումներ գտնելու հարցում՝ այդ թվում օգտվելով հոգեկան առողջության մասնագետների և կրթական հաստատությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիների զենք կրելու իրավունքի ոլորտի մասնագետ իրավաբանների կողմից տրամադրվող աջակցությունից:

Նախագահ Օբաման չորեքշաբթի օրը հորդորել էր ԱՄՆ-ի Կոնգրեսին վերականգնել ավտոմատ հրազենի նկատմամբ 2004 թվականից չգործող արգելքի գործողությունը:

Սպասվում է, որ ԱՄՆ-ում զենք կրելու իրավունքի ջատագով ամենախոշոր «Հրազենի ազգային ասոցիացիա» կազմակերպությունն ուրբաթ օրը մամուլի ասուլիս կանցկացնի: Կազմակերպությունը երեքշաբթի օրը Նյութաունում տեղի ունեցած սպանդից հետո հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խորը վիշտ էր արտահայտել «վայրագ և անիմաստ սպանությունների կապակցությամբ»:

Նյութաունում ուրբաթ օրը կրկին հուղարկավորության արարողություններ կանցկացվեն: Հողին կհանձնվեն տարրական դպրոցում տեղի ունեցած սպանությունների զոհ գնացած երկու մեծահասակի և երկու երեխայի աճյունները:
XS
SM
MD
LG