Մատչելի հղումներ

Օբաման կարգադրել է Կոնգրեսին ներկայացնել անօդաչու օդանավերի հարվածների վերաբերյալ փաստաթղթերը


Սենատորներն այս քաղաքականության վերաբերյալ կհարցաքննեն ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում առաջարկված Ջոն Բրենանին

ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, նախագահ Բարաք Օբաման կարգադրել է, որ երկրի Արդարադատության նախարարությունը ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզության հարցերով երկու հանձնաժողովներին ներկայացնի իրավական գաղտնի փաստաթղթերը, որտեղ նկարագրված են ահաբեկչության մեջ կասկածվող ԱՄՆ-ի քաղաքացիների ուղղությամբ անօդաչու օդանավերի միջոցով հարվածների իրականացումը:

ԱՄՆ-ի տասնմեկ սենատոր այս շաբաթվա սկզբին պահանջել են իրենց ներկայացնել այս փաստաթուղթն այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարության հաղորդագրություններից մեկի «արտահոսքի» պատճառով հայտնի է դարձել ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ հարձակումների իրականացման հիմքերի ընդլայնման մասին:

Միացյալ Նահանգների վարչակազմը նախկինում արդարացրել է նման գործողությունները, եթե ահաբեկչական հարձակումներն անխուսափելի էր համարվել: «Արտահոսված» հաղորդագրության մեջ սակայն ասված է եղել, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները կարող են նաև դառնալ մահաբեր գործողությունների թիրախ՝ ահաբեկչական շարունակվող դավադրության մաս կազմելու դեպքում կամ այն դեպքում, եթե պետական մարմինները որոշում են ընդունում կասկածյալի ձերբակալության անհնարինության մասին:

Միացյալ Նահանգների որոշ օրենսդիրներ, իրավագիտության ոլորտի փորձագետներ և քաղաքացիական ազատությունների ջատագովներ քննադատել են այս քաղաքականությունը՝ հավասարեցնելով այն ԱՄՆ-ի քաղաքացիներին առանց դատավարության անցկացման դատապարտման:

Սպասվում է, որ սենատորները հինգշաբթի օրն այս քաղաքականության վերաբերյալ կհարցաքննեն ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում առաջարկված Ջոն Բրենանին:

XS
SM
MD
LG