Մատչելի հղումներ

Օբաման ԱՀԿ-ին բողոք կներկայացնի՝ Չինաստանի վերաբերյալ


ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուները նախընտրական պայքարի ընթացքում քննարկվող ամենակարևոր հարցերից մեկն են դարձրել Չինաստանը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Չինաստանի կառավարության կողմից այդ երկրի ավտոմոբիլային ոլորտին լրահատկացումներ տրամադրելու վերաբերյալ առևտրային բողոք կներկայացնի երկուշաբթի օրը:

Նախագահ Օբամայի վարչակազմի պաշտոնյաների համաձայն, այս հայտարարությամբ նախագահը հանդես կգա Օհայո նահանգ կայանալիք իր այցի ընթացքում: Ընտրությունների արդյունքը որոշելու համար կարևոր նշանակություն ունեցող այս նահանգն ունի արտադրական բազմաթիվ հաստատություններ, որոնց անգործության համար նահանգի բնակիչներից շատերը մեղադրում են Չինաստանին:

Վարչակազմի պաշտոնյաների վկայությամբ, նախագահը «Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի դեմ ուղղված հարկադիր բնույթի գործողություն կնախաձեռնի»: Այս գործողությունը նախաձեռնելու պատճառն է, ըստ Վաշինգտոնի, մեքենաների և ավտոպահեստամասերի արտահանման անօրինական լրահատկացումների տրամադրումը:

Ըստ Միացյալ Նահանգների իշխանությունների, նման գործելակերպը մրցակցային անբարենպաստ պայմաններ է ստեղծում ամերիկյան արտադրողների համար և խթանում արտադրական հզորությունների տեղափոխումը Չինաստան:

Հանրապետական նախագահական թեկնածու Միթ Ռոմնին այս ընթացքում ուժեղացրել է Չինաստանի նկատմամբ Օբամայի տարվող քաղաքականության քննադատությունը: Միացյալ Նահանգների նախագահական երկու թեկնածուները նախընտրական պայքարի ընթացքում քննարկվող ամենակարևոր հարցերից մեկն են դարձրել Չինաստանը, մասնավորապես առևտրի ոլորտում այս երկրի առևտրային գործելակերպը:
XS
SM
MD
LG