Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը կանդրադառնա հրազենի կիրառմամբ բռնությունների հարցին


ԱՄՆ-ում հրազենի սեփականատերերի իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ամենաազդեցիկ «Հրազենի ազգային ասոցիացիա» կազմակերպությունը խորը վիշտ է արտահայտել «վայրագ և անիմաստ սպանությունների կապակցությամբ»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը կանդրադառնա հրազենի կիրառմամբ բռնությունները սանձահարելուն ուղղված քաղաքականության ձևակերպման հարցերին:

Սպասվում է, որ այս ուղղությամբ քաղաքականության իրականացումը կգլխավորի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան աշխատողների համաձայն, նախագահը սակայն հանդես չի գալու որևէ հստակ միջոցառումներ իրականացնելու կոչով: Սպիտակ տան խոսնակը նախօրեին հատնել է, որ նախագահ Օբաման աջակցում է ավտոմատ զենքի վաճառքի արգելքի վերականգնման, ինչպես նաև զենքի տիրապետման մասին օրենսդրության մեջ հայտնաբերված բացթողումների շտկման: Նման բացթողումների հետևանքով մասնավոր վաճառողներից զենք հնարավոր է գնել առանց գնորդի կենսագրականի ուսումնասիրման:

Կոնեկտիկուտ նահանգում չորեքշաբթի օրը կկայանան «Սենդի Հուք» տարրական դպրոցի տնօրեն Դոն Հոխսպրունգի, ինչպես նաև անցյալ ուրբաթ օրը զինյալի կողմից դպրոցի վրա կատարված վայրագ հարձակման զոհ գնացած ուսուցիչներից մեկի և երեք երեխաների հուղարկավորության արարողությունները:

Նյութաուն քաղաքի դպրոցներում, բացի «Սենդի Հուք» դպրոցից, նախօրեին վերսկսվել են դասերը: Իշխանությունների համաձայն, «Սենդի Հուք»-ի աշակերտները հունվար ամսվա սկզբին կվերսկսեն դասերը հարևան Մոնրո քաղաքի դպրոցներից մեկում:

Քննիչներն այս ընթացքում աշխատում են պարզել զանգվածային սպանի դրդապատճառները: Նրանց համաձայն, 20-ամյա Էդամ Լանզան տանը սպանել է իր մորը, ապա, վերցնելով վերջինիս պատկանող ինքնաձիգը, ուղևորվել դպրոց:

ԱՄՆ-ում հրազենի սեփականատերերի իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ամենաազդեցիկ «Հրազենի ազգային ասոցիացիա» կազմակերպությունը երեքշաբթի օրը Նյութաունում տեղի ունեցած սպանդից հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խորը վիշտ է արտահայտել «վայրագ և անիմաստ սպանությունների կապակցությամբ»:

Նյութաունի դեպքերից հետո ավելացել է նաև ճնշումն ԱՄՆ-ի օրենսդիրների նկատմամբ: ԱՄՆ-ի Սենատում փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը, որը հայտնի է որպես զենքի սեփականատերերի պաշտպանության կազմակերպությունների վաղեմի կողմնակից, առաջին անգամ ասել է, թե ի պատասխան Նյութաունում տեղի ունեցած զանգվածային սպանությունների, ԱՄՆ-ի Կոնգրեսին անհրաժեշտ է ընդունել օրենսդրական համապատասխան միջոցներ:
XS
SM
MD
LG