Մատչելի հղումներ

Համաձայնության չգալու դեպքում գալիք տարվա առաջին իսկ օրվանից կտրուկ կբարձրանան ամերիկացիներից շատերի նկատմամբ կիրառվող հարկադրույքները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Կոնգրեսի առաջնորդների հետ հարկերի շուրջ համաձայնությունը տեսանելիության դաշտում է, սակայն դեռևս ամբողջացված չէ: Համաձայնության չգալու դեպքում գալիք տարվա առաջին իսկ օրվանից կտրուկ կբարձրանան ամերիկացիներից շատերի նկատմամբ կիրառվող հարկադրույքները:

Նախագահ Օբաման երկուշաբթի օրն ԱՄՆ-ի Սպիտակ տանն ունեցած իր ելույթում ասել է, որ բանագնացները դեռևս պետք է աշխատեն՝ հասնելու համար համաձայնության այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է հետաձգել երեքշաբթի օրն ուժի մեջ մտնող պետական ծախսերի զգալի և պարտադիր կրճատումները:

Վերլուծաբանների համաձայն, համաձայնության չգալու դեպքում 500 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ֆինանսական խնայողության միջոցների պատճառով Միացյալ Նահանգների տնտեսությունում կարող է ֆինանսական ճգնաժամ վերսկսվել:

«Կոնգրեսի դեմոկրատներն ու հանրապետականները պետք է ավարտի հասցնեն այս գործը: Նրանք մոտ են՝ այդ նպատակին հասնելուն, սակայն նրանց դեռևս չի հաջողվել հասնել այդ նպատակին», - ասել է նախագահ Օբաման՝ դիմելով ԱՄՆ-ի օրենսդիրներին:

Միացյալ Նահանգների նախագահը սակայն չի ներկայացրել հարկերի շուրջ հնարավոր համաձայնության մանրամասները:
XS
SM
MD
LG