Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման այսօր հանդիպում կանցկացնի Աֆղանստանի նախագահի հետ


Աֆղանստանի նախագահը Միացյալ Նահանգներ կատարվող այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընի և պաշտպանության նախարար Պանետայի հետ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ուրբաթ օրը հանդիպում կանցկացնի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:

Այս հանդիպումը կլինի նախագահ Օբամայի իր պաշտոնում վերընտրվելուց հետո նախագահ Քարզայի հետ կայանալիք առաջին հանդիպումը, որից հետո նախագահներն իրենց խոսքով հանդես կգան մամուլի ներկայացուցիչների առջև:

Նախագահ Քարզայը Միացյալ Նահանգներ կատարվող իր այցի շրջանակներում նախօրեին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի հետ, որից առաջն Պենտագոնում նախագահ Քարզային ընդունել էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան:

Պենտագոնում նախագահ Քարզայի հետ կայացած հանդիպման ընթացքում նախարար Պանետան ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Աֆղանստանը հսկա առաջադիմություն են գրանցել՝ երաշխավորելու համար, որ Աֆղանստանը երբեք այլևս չի դառնա «ապահով ապաստան» ահաբեկչության համար:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համաձայն, Միացյալ Նահանգների առաջնորդությամբ ընդդեմ թալիբների արդեն տասը տարուց ավելի վարվող պատերազմը սեփական ուժերի վրա հենվելու հնարավորություն է ընձեռել Աֆղանստանին:

Նախագահ Քարզայն իր հերթին երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից Աֆղանստանին տրամադրվող աջակցության համար:

Աֆղանստանի նախագահը, չնայած հաճախակի քննադատության ենթարկելով Աֆղանստանում Միացյալ Նահանգների կողմից իրականացվող գործողությունները, այնուամենայնիվ ցանկություն է արտահայտել նաև, որ ԱՄՆ-ի ուժերի որոշ մասը չլքի երկիրը:
XS
SM
MD
LG