Մատչելի հղումներ

Վրաստանի վարչապետը հանդես է եկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում վերջերս կայացած խորհրդարանային ընտրություններում հաղթանակ տանելու և վերջինիս կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ընտրությունները ուղենշային են դարձել Ձեր երկրի համար, որն ամբողջ աշխարհին ապացուցել է, որ Վրաստանը դինամիկ ժողովրդավարական պետության է վերածվել: Այսուհանդերձ Ձեր կառավարությունը պետք է առաջ շարժվի՝ Վրաստանում իրեն ժառանգություն հասած ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներն ամրապնդելու և զարգացնելու նպատակով: Կառավարությունը, խորհրդարանն ու նախագահը պետք է իրականացնեն կառուցողական աշխատանք՝ Վրաստանի բոլոր քաղաքացիների շահերին համապատասխանող քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ, որի համար անհրաժեշտ է անցյալում թողնել անցումային և նախընտրական շրջանի մրցակցությունը: [Վրաստանում ԱՄՆ-ի] Դեսպան Նորլանդը հայտնել է, որ Դուք նախընտրում եք նման մոտեցում, և մենք նախատեսում ենք հետագայում ևս աջակցություն ցուցաբերել Ձեզ՝ այս աշխատանքում», - ասված է ուղերձում:

«Վրաստանի կողմից ավելի քան 20 տարի առաջ անկախություն ձեռք բերելու ժամանակից Միացյալ Նահանգները սատարում է Վրաստանի ժողովրդավարական և եվրոատլանտյան ձգտումները: Վարչապետի պաշտոնը Ձեր կողմից ստանձնելու ժամանակի սկզբից հավաստիացնում ենք Ձեզ սերտ համագործակցության հանձնառության մեջ և հույս հայտնում, որ մոտակա մի քանի տարվա ընթացքում մեր հարաբերությունները կամրապնդվեն», - եզրափակում է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ուղերձը:

Վրաստանի նոր վարչապետ Իվանիշվիլին իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խորը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների ժողովրդին և նախագահին՝ վերջիններիս կողմից Վրաստանին մեծ ուշադրության արժանացնելու և օժանդակություն տրամադրելու կապակցությամբ:

«Պետք է անենք ամեն ինչ, որ ապագայում խորացնենք մեր ամենամեծ և կարևոր բարեկամի՝ ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերությունները», - ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
XS
SM
MD
LG