Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան սպառնացել է վրեժխնդիր լինել Հարավային Կորեայի նկատմամբ


«Պատժամիջոցները Փխենյանի դեմ պատերազմի հայտարարում են նշանակում»

Հյուսիսային Կորեան սպառնացել է «ֆիզիկական հակազդեցության ուժեղ միջոցներ» ձեռնարկել Հարավային Կորեայի դեմ այն դեպքում, եթե Սեուլն անմիջապես մասնակցություն ունենա Փխենյանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանն ուղղված ՄԱԿ-ի նոր բանաձևում:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսային Կորեայի հայրենիքի խաղաղ վերամիավորման կոմիտեն, որը զգուշացրել է, թե «պատժամիջոցները Փխենյանի դեմ պատերազմ և պատերազմի հայտարարում են նշանակում»:

Հայտարարության մեջ Հյուսիսային Կորեայի հայրենիքի խաղաղ վերամիավորման կոմիտեն սպառնացել է նաև դադարեցնել որևէ կողմի հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցությունների անցկացումը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի պաշտպանության ազգային կոմիտեն նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն Հյուսիսային Կորեան կիրականացնի «լայնածավալ բախում», որը կներառի արբանյակների և գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռների գործարկումներ, ինչպես նաև «բարձր մակարդակի» միջուկային փորձարկումներ, և այս գործողություններն ուղղված կլինեն իր «ոխերիմ թշնամու»՝ Միացյալ Նահանգների դեմ:

Երկրի պետական լրատվական գործակալության կողմից տարածված հաղորդագրությունում անտեսվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախօրեին Հյուսիսային Կորեայի գործողությունները դատապարտելու մասին ընդունված բանաձևը, որն անվանվել է «Միացյալ Նահանգների կողմից մշակված անօրինական բանաձև»:

Հյուսիսային Կորեայի պաշտպանության ազգային կոմիտեի հայտարարության համաձայն, «Միացյալ Նահանգների հետ հաշիվների մաքրումը կիրականացվի ուժի, այլ ոչ թե բառերի միջոցով, քանի որ գոյատևման համար ԱՄՆ-ը հասկանում է միայն ջունգլիների օրենքը»:

Հարավային Կորեայի արտգործնախարարության խոսնակ Չո Թայ-յունգը խորը ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի կողմից արված հայտարարության կապակցությամբ: Նա հորդորել է Հյուսիսային Կորեային «ականջ դնել միջազգային հանրության չդադարող զգուշացումներին և չիրականացնել սադրիչ որևէ այլ գործողություններ, ներառյալ միջուկային զենքի փորձարկումներ»:

Վերլուծաբանները կանխատեսում են սակայն, որ Փխենյանը ուշադրության չի արժանացնի նման կոչերը:

XS
SM
MD
LG