Մատչելի հղումներ

Ջոն Բեյները վերընտրվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի պաշտոնում

ԱՄՆ-ում անցկացվել է նոր Կոնգրեսի երդմնակալության արարողությունը, իսկ երկրի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում վերընտրվել է Օհայո նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Բեյները:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրված Ջոն Բեյներն ըստ օրենքի երրորդն է՝ նախագահի պաշտոնի իրավահաջորդության շարքում, որտեղ իրենից առաջ կանգնած է միայն Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը:

Կոնգրեսի առջև կանգնած է երկրի պետական արագ ավելացող պարտքը սանձահարելու խնդրի լուծման, ինչպես նաև հրազենի վերահսկողության և ներգաղթին վերաբերող օրենսդրությունում վիճահարույց փոփոխությունների շուրջ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որի երդմնակալության արարողությունը կանցկացվի հունվարի 20-ին, անցյալ տարվա նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում Կոնգրեսում կաշխատի դեմոկրատական կուսակցության ավելի մեծ թվով կոնգրեսականների հետ: ԱՄՆ-ի Սենատում, որտեղ դեմոկրատ սենատորների թիվն ավելացել է երկուսով, դեմոկրատ և հանրապետական կուսակցություններին պատկանող սենատորների հարաբերակցությունն այժմ կազմում է 55 դեմոկրատ և 45 հանրապետական: Ներկայացուցիչների պալատում հանրապետականները դեռևս առավելություն են պահպանում, սակայն հանրապետական ներկայացուցիչների թիվը, որը նախկինում կազմում էր 242 ներկայացուցիչ, այժմ նվազել է՝ հասնելով 234-ի: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նոր կազմում դեմոկրատական կուսակցությանն է պատկանում 201 կոնգրեսական:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի նոր կազմը օրենսդրական այս մարմնի պատմության մեջ ամենաբազմազանն է: Այսպես, նորընտիր օրենսդիրների շարքում կա չորս աֆրոամերիկացի, 10 լատինամերիկացի, ասիական ծագում ունեցող հինգ կոնգրեսական և 24 կին, ինչպես նաև հինդուիզմի երկու, բուդիզմի՝ մեկ հետևորդ և բացահայտ բիսեքսուալ մեկ կին կոնգրեսական:
XS
SM
MD
LG