Մատչելի հղումներ

Խորհրդարանի նոր կազմի աշխատանքային առաջին օրը մթագնել է բողոքի ցույցերով ու ձեռնամարտերով

Ուկրաինայի խորհրդարանի նոր կազմը չորեքշաբթի օրը մեկնարկել է իր աշխատանքը, սակայն աշխատանքային առաջին օրը մթագնել է բողոքի ցույցերով ու ձեռնամարտերով:

Խորհրդարանի նիստը առաջինն էր այն ժամանակից, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի «տարածաշրջանների կուսակցությունը» չնչին առավելությամբ հաղթանակած է դուրս եկել այս տարվա հոկտեմբերին կայացած ընտրություններին, որոնց ընթացքում, ըստ դիտորդների, գրանցվել են բազմաթիվ ընտրակեղծիքներ:

Առաջին նիստի ընթացքում ձեռնամարտ է բռնկվել այն բանից հետո, երբ ընդդիմության մի քանի պատգամավոր հարձակում են կատարել երկու այլ օրենսդրի ուղղությամբ, որոնց կասկածում են ընդդիմությունը լքելու և կառավարական կուսակցության շարքներն անցնելու մեջ:

Խորհրդարանի շենքի մոտակայքում այդ ընթացքում կիսամերկ մի խումբ կանայք բողոքի ցույց են անցկացրել պետական մարմիններում լայն տարածում գտած կաշառակերության դեմ: Ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույցն անցկացրած «Ֆեմեն» կազմակերպության մի քանի ակտիվիստի:

Արևմուտքի պետությունների դիտորդները խիստ քննադատության էին ենթարկել Ուկրաինայում այս տարվա հոկտեմբերին անցկացված ընտրությունները՝ «անարդար» որակելով դրանք այն պատճառով, որ երկրի նախագահ Յանուկովիչի գլխավորած կուսակցության հիմնական մրցակից Յուլիա Տիմոշենկոն և ընդդիմության այլ գործիչներ ընտրությունների անցկացման ընթացքում ազատազրկման մեջ էին և չէին կարող մասնակցել ընտրություններին: Դիտորդները, բացի այդ, մտահոգություն էին արտահայտել քվեների հաշվառման գործընթացի ժամանակ «թափանցիկության բացակայության» հանգամանքի կապակցությամբ:

XS
SM
MD
LG