Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի փոխտեղակալին


Հանդիպման ընթացքում արտգործնախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիային:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատականի է արժանացրել վերջին տարիներին նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը և գոհունակություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին Միացյալ Նահանգների աջակցության համար։

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալն իր հերթին նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացին։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարար Նալբանդյանը և ԱՄՆ-ի արտգործնախարարի փոխտեղակալ Մելիան անդրադարձել են Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում անցած շաբաթ կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի արդյունքներին, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում իրականացվող բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի շուրջ, անդրադարձ են կատարել կայանալիք նախագահական ընտրություններին։

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

XS
SM
MD
LG