Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան հայտնել է «ավելի թեթև, փոքրածավալ միջուկային ռումբ» փորձարկելու մասին

Հյուսիսային Կորեայի իշխանությունների համաձայն, երկրում «հաջողվել» է իրականացվել միջուկային երրորդ փորձարկումը՝ խախտելով միջուկային սպառազինության զարգացման ծրագիրը դադարեցնելու մասին ՄԱԿ-ի բազմաթիվ զգուշացումները:

Երկրի պետական լրատվամիջոցները երեքշաբթի օրը հաղորդել են «ավելի թեթև, փոքրածավալ միջուկային ռումբ» փորձարկելու մասին, որն ունի նախկինում փորձարկված միջուկային սարքերից պայթուցիկ ավելի մեծ ուժ:

Հաղորդագրության համաձայն, փորձարկումն իրականացվել է՝ «ի պատասխան Միացյալ Նահանգների անմիտ թշնամանքի»:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունն անմիջապես դատապարտել է փորձարկումը՝ «ապակայունացնող խորը հետևանքներ ունեցող» անվանելով այն: Բան Կի-մունի համաձայն, փորձարկումն իրականացվել է՝ «կատարելով միջազգային պատժամիջոցների հստակ և ծանր խախտում»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «չափազանց սադրիչ» է անվանել Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված փորձարկումը՝ նշելով, որ այն վտանգ է ներկայացնում ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ միջազգային անվտանգության համար:

Նախագահ Օբաման իր ուղերձում միջազգային հանրությանը «արագ և արժանահավատ» գործողությունների դիմելու կոչ է արել:

«Միացյալ Նահանգները կշարունակի նաև ձեռնարկել իր և իր դաշնակիցների անվտանգությունը պահպանելու համար անհրաժեշտ քայլեր», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Հյուսիսային Կորեայի հիմնական դաշնակից Չինաստանը «հաստատուն կերպով դեմ» է արտահայտվել իրականացված միջուկային փորձարկման:
XS
SM
MD
LG