Մատչելի հղումներ

Եգիպտոսի նախագահը կրճատել է Եվրոպա կատարվող այցը


Նախագահ Մորսին դադարեցրել է նաև Եվրոպա կատարվող շրջագայության շրջանակներում Փարիզ այց կատարելու ծրագրերը

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին կրճատել է Գերմանիա չորեքշաբթի օրը կատարվող այցը՝ իր երկրում քաղաքական չդադարող ճգնաժամի և բողոքի ցույցերի պատճառով:

Նախագահ Մորսին բացի այդ, դադարեցրել է Եվրոպա կատարվող շրջագայության շրջանակներում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ այց կատարելու ծրագրերը:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում չորեքշաբթի օրը երկու մարդ է զոհվել ցուցարարների և ոստիկանության հատուկ ուժերի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ: Առողջապահության ոլորտի պաշտոնյաների համաձայն, զոհվածների մահը վրա է հասել հրազենի կիրառման հետևանքով, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է բացել կրակը:

Բողոքի ցույցերը Եգիպտոսում չեն դադարում անցյալ հինգշաբթի օրվանից, երբ երկրում նշվել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանությանը վերջ դրած հեղափոխության երկրորդ տարեդարձը: Բողոքի ցույցերի սկզբի օրվանից զոհվել է ավելի քան 50 մարդ:

Ընդդիմադիր ուժերի առաջնորդներից մեկը՝ Մոհամեդ ԷլԲարադեյը, փորձելով վերջ տալ ճգնաժամին, չորեքշաբթի օրը քաղաքական երկխոսության կոչով է հանդես եկել:

Եգիպտոսի նախագահ Մորսին կիրակի օրն ազգային երկխոսության կոչ էր արել՝ հրավիրելով ընդդիմադիր կազմակերպություններին ու քաղաքական գործիչներին բանակցությունների, որոնք պետք է կայանային երկուշաբթի օրը: Մորսիի այս նախաձեռնությունը սակայն տապալվեց, քանի որ ընդդիմադիր հիմնական կազմակերպությունը՝ Ազգային փրկության ճակատը, ինչպես նաև ընդդիմության այլ խմբերը հրաժարվել են նրանց առաջարկված պայմաններով որևէ բանակցությունների մասնակցելուց:
XS
SM
MD
LG