Մատչելի հղումներ

Ջոն Քերին պատասխանել է հայկական խնդիրներին վերաբերող հարցերին


Հայաստանին, Արցախին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր են ուղղվել նորանշանակ արտգործնախարարին սենատորներ Մենենդեսի և Բոքսերի կողմից

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Ռոբերտ Մենենդեսը և Բարբարա Բոքսերը ԱՄՆ-ի նորանշանակ արտգործնախարար Ջոն Քերիին ուղղել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հայկական խնդիրների լայն շրջանակին՝ սկսած ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերից մինչև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայացվող սպառնալիքների շուրջ ունեցած մտահոգությունները:

Այս հարցերը կազմել են ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնում Ջոն Քերիին իր պաշտոնում հաստատելու լսումների մասերից մեկը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ շնորհակալական խոսք է ուղղվել սենատորներ Մենենդեսին և Բոքսերին՝ նորանշանակ արտգործնախարար Քերիին իր պաշտոնում հաստատման լսումների անցկացման ժամանակ հայկական խնդիրներին վերաբերող հարցեր ուղղելու համար, ինչպես նաև ողջույնի խոսք Ջոն Քերիին՝ իր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը սակայն հիասթափություն է հայտնել Ջոն Քերիի կողմից տրված պատասխանների կապակցությամբ:

«Սենատոր Քերիի կողմից, որն արդեն ավելի քան 30 տարի զբաղվում է օրինաստեղծ գործունեությամբ և Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից մեկն է, ներկայացված պատասխանները, ցավոք, արտացոլում են Անկարայի ճնշման տակ նախագահ Օբամայի հրաժարումը Թուրքիայի կողմից մարդկության նկատմամբ իրականացված հանցագործության Միացյալ Նահանգների լիարժեք և անկեղծ դատապարտման իր իսկ սկզբունքային դիրքորոշումից», - ասել է Համբարյանը:

Ստորև ներկայացված են Ջոն Քերիի պատասխանները հայկական խնդիրների վերաբերյալ իրեն ուղղված որոշ հարցերին.

Հարցեր՝ ուղղված ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից.

Հարց.
«Միացյալ Նահանգներ արտգործնախարարությունը վարել է հայերին 1900-ականների սկզբից ոչնչացնելուն ուղղված ջանքերի ժամանակագրությունը. 1913-ից 1916 թվականներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան, հարգարժան Հենրի Մորգենթաուն 1915 թվականի հուլիսի16-ին արտգործնախարարությանն էր ուղարկել հեռագիր, որում նշվում էր, որ «խաղաղ հայերի արտաքսումն ու նրանց նկատմամբ ճնշումներն աճում են, և ականատեսների սարսափելի վկայութուններից երևում է, որ մի ամբողջ ռասա ոչնչացնելու գործընթացն ընթացքի մեջ է և կատարվում է ապստամբություն ճնշելու պատրվակով»: Իսկ Հալեպում ԱՄՆ-ի հյուպատոս Ջես Ջեքսոնը Մորգենթաուին 1915 թվականի հունիսի 5-ին գրել էր: «Այս ամենն անկասկած մանրազնին մշակված ծրագիր է, որի նպատակն է ոչնչացնել հայ ռասան»: Մորգենթաուին դեսպանի պաշտոնում հաջորդեց հարգարժան Աբրահամ Էլքուսը (1916-1917 թվականներին) , նա 1916 թվականի հոկտեմբերի 17-ին արտգործնախարարին ուղարկել էր հեռագիր, որում ասվում էր. «Քաղաքակիրթ աշխարհի «դատավճռից» խուսափելու համար թուրք պաշտոնյաներն այժմ որդեգրել ու իրականացնում են սովի, հյուծելու և դաժան վերաբերմունքի միջոցով հայերին ոչնչնացնելու ծրագիր, նման բան Թուրքիայի պատմության մեջ չէր եղել»: Ինչպե՞ս է արտգործնախարարությունը վերաբերվում այդ ժամանակ կատարված իրադարձություններին

Պատասխան.
Միացյալ Նահանգների կառավարությունն ընդունում է պատմական փաստը, որ Օսմանյան կայսրության վերջին օրերին մեկուկես միլիոն հայ է կոտորվել կամ մահվան դատապարտվել և ցավում է դրա համար: Այդ դեպքերը դարձան 20-րդ դարի ամենաահավոր վայրագություններից մեկը, և Միացյալ Նահանգները գիտակցում է, որ կատարվածը մեծ ցավ է Հայաստանի ժողովրդի, ծագումով հայ, ինչպես նաև համամարդկային արժեքներ կրող բոլոր մարդկանց համար: ԱՄՆ-ի նախագահն ամեն տարվա ապրիլի 24-ին հարգում է զոհերի հիշատակը: Այնպես որ, մենք երբեք չենք մոռանում պատմության այդ մռայլ էջը:


Հարց.
Արտգործնախարարությունը որոշում է ընդունել, իմ կարծիքով՝ սխալ որոշում՝ Հայոց ցեղասպանությունը, չնայած պատմական հարուստ նյութերի, չճանաչելու մասին: Կարծում եմ՝ վայրագությունները չճանաչելը, քաղաքական դրդապատճառներից ելնելով պատմական փաստերը չճանաչելը՝ անկախ դրանց ազդեցության աստիճանից, սխալ ուղերձ է հղում հանցագործներին և խարխլում «Այլևս երբեք» քաղաքականությունը: Դուք որպես Սենատի անդամ պաշտպանել եք Հայոց ցեղասպանությունն ու Օսմանյան կայսրության վերջին օրերին վայրագ սպանությունների ենթարկված և «մահվան երթի» ուղարկված մեկուկես միլիոն հայերի մահը ճանաչող օրինագիծը:

Նշանակվելու դեպքում կիսելու եք արդյո՞ք այդ հարցի վերաբերյալ Ձեր կարծիքն ու փաստաթղթավորված հայացքները արտգործնախարարության և նախագահի վարչակազմի անդամների հետ:

Պատասխան.
Արտգործնախարարի պաշտոնում հաստատվելու դեպքում, որպես արտգործնախարար, իմ պարտականությունն է լինելու անաչառ ներկայացնել նախագահի ու վարչակազմի քաղաքականությունը: Ինչպես Բարաք Օբաման նշեց ապրիլքսանչորսյան իր ելույթում, 1915 թվականի փաստերի ամբողջական, անկեղծ արդարացի ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից: Նա նույնպես ասել է, որ դեպի առաջ ընթանալն անհնար է առանց անցյալի փաստերը հաշվի առնելու և կոչ արեց թուրք և հայ ժողովուրդներին առերեսվել պատմությանը: Արտգործնախարարի պաշտոնում հաստատվելու դեպքում ես շարունակելու եմ մեծապես աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այդ երկրների միջև խաղաղ, փոխշահավետ և բարգավաճ հարաբերությունների հաստատմանը:


Հարցեր՝ ուղղված ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Բարբարա Բոքսերի կողմից.

Հարց.
Ի՞նչ եք կարծում, ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ-ը, որպեսզի ստիպի Իլհամ Ալիեին վերանայել իր որոշումը և նորից բանտ ուղարկել:

Պատասխան.
Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին տեղեկանալուց անմիջապես հետո Միացյալ Նահանգներն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կառավարությանը: Արտգործնախարարությունն և Սպիտակ տունը, բացի այդ, հայտարարություններ տարածեցին, որոնցում խորը մտահոգություն էին արտահայտել Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու փաստի առնչությամբ: Սաֆարովը դատապարտվել էր դաժան սպանության համար, և Միացյալ Նահանգները շատ մտահոգված էր, որ նա չի շարունակելու կրել իր պատիժը:

Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր` Միացյալ Նահանգները շարունակելու է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Միացյալ Նահանգները դատապարտում է բոլոր այն գործողությունները, որոնք կարող են լարվածություն հրահրել տարածաշրջանում և վտանգել խաղաղ կարգավորման գործընթացը: Արտգործնախարարի պաշտոնում հաստատվելու դեպքում, ես հնարավոր ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ կողմերին հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:



Հարց.
Ադրբեջանը սպառնացել է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի վերակառուցված օդանավակայանից թռիչք իրականցնող օդանավերը: Դուք՝ որպես հասարակական գործիչ և անհատ, ինչպե՞ս եք պատասխանելու այս, ինչպես նաև ադրբեջանական կողմի մյուս նոր սպառնալիքներին ու ագրեսիվ գործողություններին:

Պատասխան.
Միացյալ Նահանգների կարծիքով, հակամարտության կողմերը պետք է վտանգավոր այս իրավիճակը լուծեն դիվանագիտական ճանապարհով: Վարչակազմը վճռականորեն դեմ է հանդես գալիս բոլոր այն քայլերին, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում ու վտանգել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը: Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ-երկիր` Միացյալ Նահանգները, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, արագ արձագանքեց այդ սպառնալիքներին՝ դրանց ներկայացման պես, և վարչակազմը շարունակեց բարձրացնել այդ հարցն ինչպես կողմերի հետ հարաբերություններում, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների միջոցով: Արտգործնախարարի պաշտոնում հաստատվելու դեպքում շարունակելու եմ աշխատել՝ խաղաղ կարգավորմանն աջակցելու և դիմակայելու այն գործողություններին, որոնք կմեծացնեն լարվածությունը տարածաշրջանում և կվտանգեն խաղաղության գործընթացը:
XS
SM
MD
LG