Մատչելի հղումներ

Մալիի բանակը վերագրավել է երկրի կենտրոնական մասում գտնվող քաղաքներից մեկը


«Քոնա քաղաքում գտնվող իսլամիստ ապստամբներին ծանր կորուստներ պատճառելուց հետո քաղաքն ամբողջությամբ վերցվել է վերահսկողության տակ»

Մալիի բանակը վերագրավել է Քոնա քաղաքը, որի նկատմամբ իսլամիստ ապստամբներն անցյալ շաբաթ վերահսկողություն էին հաստատել :

Բանակի կողմից արված հայտարարության համաձայն, «քաղաքում գտնվող իսլամիստ ապստամբներին ծանր կորուստներ պատճառելուց հետո քաղաքն ամբողջությամբ վերցվել է վերահսկողության տակ»:

Մալիի բանակը նախկինում ևս հայտնել էր Քոնայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, սակայն նման հաղորդագրությունները դժվար է հաստատել, քանի որ լրագրողների համար այս քաղաք մուտք գործելը մեծ դժվարությունների հետ է կապված:

Ֆրանսիայի և Աֆրիկայի երկրների տնտեսական միության (ECOWAS) զինված ուժերի կողմից արդեն մեկ շաբաթ շարունակվող հակագրոհի արդյունքում դադարեցվել է «ալ-Քաիդա»-ի հետ առնչություն ունեցող իսլամիստ զինյալների առաջխաղացումը դեպի Մալիի հարավային տարածքներ:

Ֆրանսիայի պաշտոնյաների համաձայն, Մալի արդեն իսկ տեղափոխվել է 1400 զինծառայող, իսկ գալիք մի քանի օրվա ընթացքում այս երկրում գտնվող ֆրանսիացի զինծառայողների թիվը կհասցվի 2,5 հազարի: Նրանք հայտնել են նաև, որ Ֆրանսիայի զինված ուժերը կմնան Մալիում այնքան ժամանակ, մինչև չկայունանա երկրում տիրող իրավիճակը:

Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը հայտնել է, որ օժանդակություն կտրամադրի Ֆրանսիային՝ զինծառայողներ և սպառազինություն Մալի օդային տրանսպորտով տեղափոխելու հարցում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այնուամենայնիվ շեշտել է, որ չկա այս հակամարտությանը մասնակցելու համար Միացյալ Նահանգների զինծառայողներ ուղարկելու որևէ ծրագիր:
XS
SM
MD
LG