Մատչելի հղումներ

«Բյուջեի պարտադիր կրճատումները վնաս կհասցնեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության»


«Օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնությունը բարեգործություն չէ, այլ ներդրում, որը կատարվում է հանուն ուժեղ Ամերիկայի և ազատ աշխարհի»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի համաձայն, դաշնային բյուջեում կրճատումները, որոնք կարող են իրականություն դառնալ այս տարվա մարտի 1-ին, կթուլացնեն Միացյալ Նահանգների դիրքն աշխարհում՝ վնաս հասցնելով ինչպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը, այնպես էլ մասնավոր ոլորտի կողմից կատարվող ներդրումներին:

Արտգործնախարար Քերին ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից արտաքին քաղաքականության որոտում կատարվող «համեմատաբար փոքրածավալ» ներդրումների միջոցով հնարավոր է դառնում օժանդակել աշխարհում կայունությանն ու օգնել ամերիկյան ընկերություններին հաղթանակած դուրս գալ արտասահմանում ծավալվող մրցակցությունից:

«Օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնությունը հենց այնպես չի տրամադրվում: Այն բարեգործություն չէ, այլ ներդրում, որը կատարվում է հանուն ուժեղ Ամերիկայի և ազատ աշխարհի: Օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնությունը թույլ է տալիս բարձրացնել ուրիշներին, ապա ամրապնդում է համատեղ նպատակները հետապնդելու գործում մեր աջակիցները դառնալու նրանց ցանկությունը», - ասել է ԱՄՆ-ի նորանշանակ արտգործնախարարը:

Արտգործնախարարի պաշտոնում իր առաջին ուղերձում Ջոն Քերին, դիմելով Վիրջինիա նահանգի համալսարանի ուսանողներին, ասել է, որ միջազգային ասպարեզում աշխատանքի դադարեցման գինը կարող է չափազանց բարձր լինել, քանի որ այս ոլորտում ԱՄՆ-ի դերը կարող են շատ արագ զբաղեցնել ուրիշները:

«Ոմանք այժմ ասում են, թե հիմա ժամանակը չէ: Ոչ այն ժամանակ, երբ մեր բյուջեն այնքան խնդիրներ ունի: Սա չափազանց թանկարժեք զբաղմունք է: Բարեկամներ, հիշե՛ք. ժամանակի ընթացքում այս դժվարությունները չեն թեթևանա: Ապագան չի կարող սպասել: Մենք չենք կարող ընտրել, թե երբ կանգ առնել և վերսկսել համաշխարհային մակարդակով մեր հանձն առած պատասխանատվությունը, կամ պարզապես սպասել, մինչև օրացույցում մեկ այլ, ավելի հարմար օր գա», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին:
XS
SM
MD
LG