Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հատուկ ուժերին հրամայել են հեռանալ Աֆղանստանի արևելյան մարզից


«ԱՄՆ-ի հատուկ ուժերի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող զինյալները ներգրավված են եղել անմեղ մարդկանց ահաբեկման, անհանգստացնելու, խոշտանգելու և նույնիսկ սպանությունների իրականացման մեջ»

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հրամայել է հեռացնել Միացյալ Նահանգների հատուկ բոլոր ուժերը երկրի արևելյան Վարդակ մարզից՝ այդ ուժերի և Աֆղանստանի դրանց դաշնակիցների կողմից մարզի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված չարաշահումների մասին ստացված հաղորդագրություններից հետո:

Նախագահի խոսնակը կիրակի օրը հայտնել է լրագրողներին, որ Վարդակ մարզում անվտանգության հետ կապված միջադեպերի հետաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ Միացյալ Նահանգների հատուկ ուժերի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող զինյալները ներգրավված են եղել «անմեղ մարդկանց ահաբեկման, անհանգստացնելու, խոշտանգելու և նույնիսկ սպանությունների իրականացման մեջ»:

Նրա համաձայն, Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հրաման է ստացել ապահովելու, որ Միացյալ Նահանգների հատուկ բոլոր ուժերը հեռանան նահանգից երկու շաբաթվա ընթացքում:

Նախագահ Քարզայի այս հրամանն առաջին անգամն է, երբ նման հրաման է արձակվում Միացյալ Նահանգների ուժերի վերաբերյալ, քանի որ ԱՄՆ-ը Աֆղանստանի ամենակարևոր դաշնակիցն է թալիբների և իսլամիստ զինյալների դեմ մեկ տասնյակից տարի ավելի վարվող պայքարում:

Աֆղանստանում Միացյալ Նահանգների ուժերի խոսնակն ասել է, թե տեղյակ է նախագահ Քարզայի հրամանագրից: Գեներալ-լեյտենանտ Լես Քերոլը, խոսելով Քաբուլից «Ամերիկայի Ձայն»-ի հետ, նշել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը «լուրջ ուշադրություն է դարձնում չարաշահումների մասին հաղորդագրություններին և մեծ ջանքեր գործադրում՝ դրանց հետաքննություն իրականացնելու ուղղությամբ»: Նա ասել է նաև, որ Միացյալ Նահանգների զինված ուժերի հրամանատարությունը նախատեսում է «համապարփակ քննարկել» մարդու իրավունքների չարաշահումներ իրականացնելու մասին մեղադրանքները Աֆղանստանի իրենց գործընկերների հետ:

XS
SM
MD
LG