Մատչելի հղումներ

Ճապոնիայի վարչապետ Աբեյի հանձնակատարը բանակցություններ կանցկացնի Չինաստանում՝ տարածքային տարաձայնությունները մեղմելու նպատակով

Ճապոնիայի իշխող կուսակցության հանձնակատարը ժամանել է Չինաստան՝ տարածքային խորը տարաձայնությունները մեղմելուն ուղղված բանակցություններ անցկացնելու նպատակով:

Նացուո Յամագուչին երեքշաբթի օրը ժամանել է Պեկին՝ բերելով Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեյի նամակը:

Յամագուչին հույս ունի, որ Չինաստան կատարվող իր չորսօրյա այցի ընթացքում կկարողանա հանդիպում ունենալ Չինաստանի նոր առաջնորդ Սի Ցզինպինի և այս երկրի բարձրաստիճան այլ ղեկավարների հետ:

Ճապոնիայի վարչապետի հանձնակատարն ավելի վաղ հույս է հայտնել, որ Չինաստան կատարվող այցը կնպաստի հարաբերությունների բարելավման, և որ այցի արդյունքում հնարավոր կդառնա երկկողմանի գագաթաժողովի անցկացումը:

Չինաստանն ու Ճապոնիան վերջերս նշել են, որ պատրաստ են մեղմել Արևելաչինական ծովում գտնվող երեք անմարդաբնակ կղզիների շուրջ ծավալված տարածքային տարաձայնությունների պատճառով ձևավորված լարվածությունը: Չնայած տարաձայնությունները կարող են մեղմվել՝ երկու պետություններից ոչ մեկն այնուամենայնիվ չի նախատեսում հետ կանգնել ձկնային հարուստ պաշարներով և հնարավոր է՝ էներգակիրների հանքերով շրջապատված կղզիների նկատմամբ ունեցած պահանջներից:

XS
SM
MD
LG