Մատչելի հղումներ

«Ստամբուլում հայազգի կնոջ վերջերս տեղի ունեցած սպանությունն արթնացրել է Թուրքիայում հայերի և այլ փոքրամասնությունների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին հուշերը»

«Ստամբուլի Սամաթյա թաղամասում հայազգի կնոջ վերջերս տեղի ունեցած սպանությունն արթնացրել է Թուրքիայում հայերի և այլ փոքրամասնությունների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին հուշերը՝ մտահոգություն առաջացնելով համայնքում և դառնալով սպանությունը ատելության հողի վրա իրականացված հանցագործություն լինելու շուրջ բանավեճը»:

Այս մասին գրում է «Հուրիեթ» պարբերականի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն՝ հիշեցնելով, որ 2012 թվականի դեկտեմբերի 28-ին Ստամբուլի Սամաթյա թաղամասում Մարիսա Քուչուքը մի քանի անգամ դանակահարվել է, որից հետո մարդասպանը կամ մարդասպանները կտրել էին նրա կոկորդը և սուր գործիքի կիրառմամբ խաչի նշան թողել Քուչուքի կրծքի վրա: Սպանության վայրից հեռանալով՝ հանցագործները հետները տարել էին Մարիսա Քուչուքին պատկանող որոշ զարդեր:

Հեղինակը հիշեցնում է նաև, որ անցյալ ամսվա ընթացքում ազգությամբ հայ տարեց երկու կնոջ նկատմամբ հարձակումներ են իրականացվել Ստամբուլի Սամաթյա և Բաքրքյոյ թաղամասերում: Հանցագործության զոհերից մեկը՝ 87-ամյա Թուրֆանդա Աշիքը, հարձակման հետևանքով իր աչքն է կորցրել, իսկ մյուս զոհը հափշտակվել և մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել:

Հեղինակն իր հոդվածում մեջ է բերում Բողազչի համալսարանի պրոֆեսոր Արսեն Արշիքի խոսքերը, որի համաձայն Քուչուքների ընտանիքին սպանությունը մեծ ցավ է պատճառել, սակայն սպանության դրդապատճառները որոշելու համար անհրաժեշտ է անցկացնել մանրազնին հետաքննություն:

«Հարձակումներ իրականացնողը կարող է լինել այլասերված մի անձ, և եզրահանգումներ կատարելուց առաջ անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություն կատարել», - ասում է Արշիքը:

Հանգստություն պահպանելու կոչով դիմել է նաև Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը:

«Ինչպես գիտեք, մի քանի ամիս առաջ Ստամբուլում հայազգի մի անձ իր տան տիրոջն է սպանել: Առանձին անպատասխանատու անձանց կողմից իրականացված հանցագործությունները չեն կարող վերագրվել ամբողջ համայնքին», - ասել է Աթեշյանը:

«Ակոս» շաբաթաթերթի հայազգի հետազոտող և հեղինակ Զաքարյա Միլդանօղլուն, ըստ հեղինակի, նույնպես նշել է, որ Մարիսա Քուչուքի սպանությունն ատելության հողի վրա իրականացված հանցագործություն որակելը վաղ է և դրա համար չկան բավարար վկայություններ:

XS
SM
MD
LG