Մատչելի հղումներ

Իսրայելի օդուժի հարվածներն անհանգստացրել են Ռուսաստանին


«Հաստատվելու դեպքում նման գործողությունները ներկայացնում են ինքնիշխան պետության դեմ իրականացված՝ որևէ դրդապատճառ չունեցող հարձակում»

Ռուսաստանն իր մտահոգությունն է արտահայտել Իսրայելի ռազմական օդանավերի կողմից Սիրիայի տարածքում հարվածների հասցնելու մասին հաղորդագրությունների կապակցությամբ:

Ռուսաստանի արտգործնախարարության համաձայն, հաստատվելու դեպքում նման գործողությունները ներկայացնում են ինքնիշխան պետության դեմ իրականացված՝ «որևէ դրդապատճառ չունեցող» հարձակում, որն իրականացվել է՝ խախտելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը:

Սիրիայի տարածքում չորեքշաբթի օրը կատարված հարձակման շուրջ տարբեր հաղորդագրություններ են ներկայացվում: Սիրիայի իշխանությունները պնդում են, որ Իսրայելի օդանավերը հարված են հասցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող ռազմական հետազոտական հաստատության ուղղությամբ, և հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ:

Արևմտյան և Իսրայելի լրատվամիջոցները սակայն հաղորդել են, թե Իսրայելի օդուժը հարձակում է իրականացրել «Հեզբոլլահ» զինյալների խմբավորման հրթիռների պահեստամասեր առաքող շարասյան վրա:

«Հեզբոլլահ»-ը հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ քննադատել է հարձակումն ու «լիարժեք աջակցություն» է հայտնել Սիրիայի հետ:

Իրարամերժ հաղորդագրությունները հինգշաբթի օրվա դրությամբ դեռևս հնարավոր չի եղել հաստատել: Իսրայելը սովորաբար խուսափում է ռազմական կանխարգելիչ գործողություններ իրականացման հաստատումից և հրաժարվել է նաև այս հարձակման շուրջ մեկնաբանություններ ներկայացնելուց:

Իսրայելի պաշտոնյաները սակայն վերջին շաբաթներին զգուշացրել են, որ չեն հանդուրժելու Սիրիայի կառավարական ուժերի կողմից «Հեզբոլլահ»-ի զինյալներին որևէ սպառազինության փոխանցում:
XS
SM
MD
LG