Մատչելի հղումներ

«Որևէ փոփոխություն չի նախատեսվում կատարել արդեն իսկ կայացված որոշման մեջ»

Իսրայելի իշխանությունները համաձայն, նրանք հետ չեն կանգնելու միջազգային հանրության քննադատությունն առաջացրած նոր բնակարանների շինարարությունն ընդլայնելու ծրագրերից:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի պաշտոնյաներից մեկը երկուշաբթի օրն ասել է, թե «Իսրայելը շարունակելու է պաշտպանել իր կենսական շահերը նույնիսկ այն դեպքում, եթե միջազգային հանրությունը ճնշում գործադրի»:

Պաշտոնյայի համաձայն, «որևէ փոփոխություն չի նախատեսվում կատարել արդեն իսկ կայացված որոշման մեջ»:

Իսրայելի իշխանությունները հավանության են արժանացրել մոտ 3 հազար հրեական նոր բնակարան կառուցելու շուրջ ծրագրերը, որոնք նախատեսում են միմյանց կապել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Իսրայելի հիմնական բնակավայրն ու Արևելյան Երուսաղեմը:

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Իսպանիայի և Դանիայի իշխանությունները երկուշաբթի օրը հրավիրել են իրենց երկրներում Իսրայելի դեսպաններին՝ Արևելյան Երուսաղեմի մոտակայքում նոր բնակարանների շինարարության մասին Իսրայելի կողմից ընդունված որոշմամբ դժգոհություն արտահայտելու նպատակով:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննադատության է ենթարկել Իսրայելի կողմից նոր բնակարաններ կառուցելու ծրագրերը՝ պաղեստինցիների հետ խաղաղություն հաստատելու նպատակին ընդդեմ ուղղված որակավորելով դրանք: Նախագահ Օլանդը հավելել է սակայն, թե Փարիզը դեռևս պատրաստ չէ հրեական պետության նկատմամբ պատժամիջոցներ սահմանել:

Իսրայելի կառավարությունը կիրակի օրը հավանության է արժանացրել մոտ 3 հազար հրեական նոր բնակարան կառուցելու շուրջ ծրագրերը, որոնք նախատեսում են միմյանց կապել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Իսրայելի հիմնական բնակավայրն ու Արևելյան Երուսաղեմը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացին հասցված «գրեթե մահացու հարված» է անվանել շինարարությունը սկսելու ծրագրերը՝ նշելով նաև, որ շինարարության հետևանքով Արևելյան Երուսաղեմը կարող է գրեթե ամբողջությամբ մեկուսացվել Հորդանան գետի արևմտյան ափի մնացած մասից:
XS
SM
MD
LG