Մատչելի հղումներ

Սիրիայում ազատ արձակված իրանցիները հինգշաբթի օրը կվերադառնան Իրան


Սիրիայի ապստամբների կողմից գերեվարված և ազատ արձակված իրանցիները՝ Դամասկոսում, 2013 թ. հունվարի 9

Սիրիայի ապստամբների կողմից գերեվարված և ազատ արձակված իրանցիները՝ Դամասկոսում, 2013 թ. հունվարի 9

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Կահիրեում քննարկում է Սիրիայում չդադարող ճգնաժամը

Սիրիայի ապստամբների կողմից գերեվարված 48 իրանցիները հինգշաբթի օրը կվերադառնան Իրան՝ նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության և ապստամբների միջև նախօրեին գերիների փոխանակման ընթացքում ազատ արձակվելուց հետո:

Սիրիայի կառավարությունը ապստամբների հետ գերիների փոխանակման արդյունքում ազատ է արձակել 2130 գերի: Գերիների այս փոխանակումը դարձել է երկրում արդեն մոտ երկու տարի չդադարող պատերազմի ընթացքում նման առաջին փոխանակումը:

Ազատ արձակվելուց հետո իրանցիները ժամանել են Դամասկոսի «Շերատոն» հյուրանոց, որտեղ իրենց դիմավորել է Սիրիայում Իրանի դեսպան Ռիզա Շիբանին:

Սիրիայի ապստամբները գերել էին Իրանի քաղաքացիներին անցյալ տարվա օգոստոսին՝ մեղադրելով վերջիններիս հետախուզական առաքելություն իրականացնող Իրանի հեղափոխական պահակազորի անդամ լինելու մեջ: Տարածաշրջանում Սիրիայի կառավարության ամենամեծ դաշնակից Իրանը սակայն հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ գերեվարված իրանցիները ուխտագնացություն էին կատարում:

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Կահիրեում հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Էլարաբիի հետ՝ քննարկելու համար Սիրիայում շարունակվող ճգնաժամը: Սպասվում է, որ Սալեհին այս խնդրի քննարկման նպատակով բանակցություններ կանցկացնի նաև Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիի և ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի հետ:

Սիրիայում 2011 թվականի մարտից չդադարող արյունահեղության զոհ է գնացել ավելի քան 60 հազար մարդ:

XS
SM
MD
LG