Մատչելի հղումներ

Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանն ուժեղացնում են մրցակցությունը Հարավային Կովկասում


«Թեհրանը չի ցանկանում որևէ վնաս հասցնել Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի շահերին: Այս միտումը մասնավորապես ուժեղ է արտահայտված Հայաստանում և Վրաստանում»

Իրանը շարունակում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, չնայած նման գործողությունների այդ երկիրը դիմում է՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր կողմնակից Ռուսաստանի շահերը: Միաժամանակ այս տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու մեջ նույնպես հետաքրքրված Ռուսաստանն ու Թուրքիան չեն նախատեսում «անգործ մնալ»:

Նման հետևություններ են արել «Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջանի վրա» անվանումը կրող լսումների մասնակիցները, որոնք անցկացվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպական և Եվրասիական հարցերով հանձնաժողովում:

Ելույթ ունեցողներից ոմանց կարծիքով, Ռուսաստանն առանձնապես հետաքրքրված չէ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու, ինչպես նաև այդ երկրի նկատմամբ ներկայումս կիրառվող պատժամիջոցները դադարեցնելու մեջ:

Մասնավորապես, Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շաֆերը հիշեցրել է, որ Իրանում արդյունահանվող նավթը միջազգային շուկաներում կարող է լուրջ մրցակցություն կազմել Ռուսաստանում արդյունահանված նավթին:

«Արևմուտքի և Իրանի միջև շարունակվող հակամարտության հետևանքով վերջինս կատարյալ մեկուսացման մեջ է: Ռուսաստանի վարքագիծը պայմանավորված է այս հանգամանքով. այն երբեմն սատարում է պատժամիջոցները, որոշ դեպքերում էլ՝ ոչ: Ռուսաստանը չի ցանկանում կարգավորել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն միաժամանակ չի ցանկանում նաև, որ տարածաշրջանում ռազմական լայնամասշտաբ գործողություններ սկսվեն: Այս երկիրը ցանկանում է, որ Իրանի բնական պաշարները դուրս չգան միջազգային շուկա և մրցակցություն չկազմեն Ռուսաստանում արդյունահանվող պաշարներին», - ասել է Շաֆերը:

Վաշինգտոնյան «Heritage», թարգմանաբար՝ «Ժառանգություն» հիմնադրամի ավագ փորձքգետ Արիել Քոհենը «վտանգավոր» է անվանել տարածաշրջանում Իրանի հավակնությունները:

«Ընդհանրապես, խոսելով Հարավային Կովկասում Իրանի երկրաքաղաքական ծրագրերի մասին, անհրաժեշտ է նշել, որ դրանք լուրջ մտահոգություն են առաջացնում, քանի որ Թեհրանը փորձում է շրջանցել պատժամիջոցների ռեժիմը՝ մուտք գործելով երկակի կիրառման տեխնոլոգիաների շուկա, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ռազմական տեխնոլոգիաների շուկաներ», - նշել է Քոհենը:

Գործարարության ամերիկյան ինստիտուտի փորձագետ Մայքլ Ռուբինի կողմից արտահայտված կարծիքի համաձայն, Իրանը զգուշորեն է գործում տարածաշրջանի այն երկրներում, որտեղ իր շահերը կարող են անմիջապես հատվել Մոսկվայի շահերի հետ:

«Գործ ունենք բավականին բարդ իրավիճակի հետ: Քանի որ Իրանն ընդհանուր առմամբ կախվածության մեջ է Ռուսաստանից, մասնավորապես՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վերջինիս ձայնից, ապա Թեհրանը չի ցանկանում որևէ վնաս հասցնել Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի շահերին», - շեշտել է Ռուբինը:

Մայքլ Ռուբինի կարծիքով, այս միտումը մասնավորապես ուժեղ է արտահայտված Հայաստանում և Վրաստանում:

XS
SM
MD
LG