Մատչելի հղումներ

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների անցկացման հնարավորությունը


Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեի (արխիվային լուսանկար)

Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեի (արխիվային լուսանկար)

«Միացյալ Նահանգները ցանկանում են բանակցություններ անցկացնել՝ միաժամանակ Իրանին պատժելու վերաբերյալ սպառնալիքներ ներկայացնելով»

Իրանի հոգևոր գերագույն առաջնորդը հերքել է Միացյալ Նահանգների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցությունների անցկացման հնարավորությունը՝ ասելով, թե բանակցությունները որևէ լուծման չեն բերի:

Իր կայքում հրապարակված հայտարարության մեջ այաթոլա Ալի Խամենեին նշե է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են բանակցություններ անցկացնել՝ միաժամանակ Իրանին պատժելու վերաբերյալ սպառնալիքներ ներկայացնելով, և որ իր երկիրը հնարավոր չէ ահաբեկել:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող անվտանգության կոնֆերանսի ժամանակ անցյալ շաբաթ օրն ասել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ անմիջական շփման այն դեպքում, եթե վերջինն ունի բանակցություններ անցկացնելու մասին լուրջ մտադրություններ:

Իրանի գերագույն առաջնորդի կողմից տարածված հայտարարությունից մեկ օր առաջ ուժի մեջ են մտել Իրանի նավթային արդյունաբերության դեմ ուղղված պատժամիջոցները: ԱՄՆ-ի Սպիտակ տունը խոստացել է շարունակել Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումն այնքան ժամանակ, որքան այդ երկիրը շարունակի միջուկային զենքի մշակումն ու մարդու իրավունքների խախտումները:

Իրանի և Եվրամիության պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնել էին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի պետությունների խմբի և Իրանի միջև բանակցությունները կանցկացվեն Ղազախստանում փետրվարի 26-ին:

Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հույս էր հայտնել, որ Իրանի հետ վերջինիս վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հնարավոր կլինի հասնել «կոնկրետ արդյունքների»:

Իրան այս տարվա հունվարի կեսին այցելել էր ՄԱԿ-ի միջուկային գործակալության գլխավոր տեսուչի գլխավորած մասնագետների մի խումբ, որի այցի արդյունքում սակայն հնարավոր չեղավ հասնել Իրանի միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող հաստատություններ մուտք գործելու մասին համաձայնության:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի պետությունների խմբի և Իրանի միջև բանակցությունները վերջին անգամ անցկացվել են անցյալ տարվա հունիսին, սակայն որևէ հաջողության չէին հասել այն պատճառով, որ կողմերից որևէ մեկը չէր ցանկացել զիջումներ կատարել իրենց ունեցած դիրքորոշման մեջ:

Արևմուտքի որոշ պետություններ, ներառյալ Միացյալ Նահանգները, կարծում են, որ Իրանն իրականացնում է միջուկային զենքի մշակման գաղտնի աշխատանքներ: Իրանը պնդում է սակայն, որ իր կողմից իրականացվում է խաղաղ բնույթի միջուկային ծրագիր:
XS
SM
MD
LG