Մատչելի հղումներ

Ֆուտբոլային սկանդալ՝ կապված պայմանավորված խաղերի հետ


«Սա Եվրոպայի ֆուտբոլի համար տխուր օր է»

Ֆուտբոլային հարյուրավոր խաղերի պայմանավորված լինելը բացահայտվել է Սինգապուրից իրականացված՝ ֆուտբոլային խաղադրույքների հետ կապված համաշխարհային մակարդակի խարդախության հետաքննության արդյունքում:

Աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող խաղը՝ ֆուտբոլը, խաղում են բոլոր մայրցամաքներում, իսկ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղերը ցուցադրվում են աշխարհի բոլոր երկրներում՝ ազգային ասոցիացիաների, ակումբների և հեռահաղորդակցող կազմակերպությունների համար դառնալով միլիարդավոր դոլարներ կազմող եկամտի աղբյուրը:

Ասիայում խաղադրույքներով զբաղվող քրեական սինդիկատների գործունեությունը, ըստ քննիչների, վաղուց է վտանգ ներկայացնում ֆուտբոլի համար, սակայն պայմանավորված խաղերի վերաբերյալ նման բացահայտումները շեշտում են, թե ինչպիսի ծավալների է հասել այս խնդիրը:

Ֆուտբոլի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, ըստ քննիչների, ներգրավված են քրեական խմբավորումներ, որոնք օգտագործում են պայմանավորված խաղերը՝ փողերի լվացման համար: Կաշառակերության հետ պայքարի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպության համաձայն, անցյալ տարի սպորտի հետ կապված խաղադրույքների ծավալը կազմել է մոտ մեկ տրիլիոն դոլար, կամ օրական 3 միլիարդ դոլար: Խաղադրույքների հիմնական մասը կատարվել է Ասիայում և դրվել ֆուտբոլային խաղերի վրա:

Եվրոպոլի և սկանդալում ներգրավված պետությունների ոստիկանության ուժերը հետաքննություն են անցկացնում մոտ 680 ֆուտբոլային խաղի փաստով, ներառյալ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակցության համար որակավորման, Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի ամենաճանաչված ակումբների խաղերը:

Ոստիկանության մարմինների համաձայն, հետաքննության տակ են գտնվում 2008-ից 2011 թվականներն ընկած ժամանակահատվածում անցկացված խաղերը, որոնց որոշ մասի նկատմամբ արդեն իսկ անցկացվել է քրեական հետաքննություն: Հետաքննության տակ գտնվող խաղերից մոտ 380-ը անցկացվել են Եվրոպայում, պայմանավորված ևս 300 խաղ անցկացվել է Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի պետություններում:

«Սա Եվրոպայի ֆուտբոլի համար տխուր օր է», - ասել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթը՝ հավելելով. «Այս խնդիրը ֆուտբոլի համար այժմ դարձել է սկզբունքների պահպանման խնդիր: Խաղերի անցկացման պատասխանատուները պետք է ականջ դնեն այս զգուշացումներին»:
XS
SM
MD
LG