Մատչելի հղումներ

«Ամերիկայի Ձայնը Վաշինգտոնի ամենալավ պահպանվող գաղտնիքներից է»


«Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Դեյվիդ Էնզորը (աջից)՝ իրավապաշտպան Աուն Սան Սու Չիի և բիրմական ծառայության տնօրենի հետ
«Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Դեյվիդ Էնզորը (աջից)՝ իրավապաշտպան Աուն Սան Սու Չիի և բիրմական ծառայության տնօրենի հետ

«Ամերիկայի Ձայն»-ի տնօրենի համար հայազգի Լեո Սարգսյանի գործունեությունը օրինակ է ծառայում

«Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականը վերջերս հրապարակել է հարցազրույց «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Դեյվիդ Էնզորի հետ:

Դեյվիդ Էնզորն ունի 32 տարվա աշխատանքային փորձ, որը ներառում է աշխատանքն այնպիսի ճանաչված լրատվամիջոցներում, ինչպիսին է Միացյալ Նահանգների հանրային ռադիոն, «Սի-Էն-Էն» և «Էյ-Բի-Սի Նյուզ» կազմակերպությունները, ինչպես նաև Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդակցության և հասարակության հետ կապերի տնօրենի պաշտոնը:

Ըստ Էնզորի, «Ամերիկայի Ձայն»-ը շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան ինքը պատկերացնում էր՝ այս կազմակերպությանը միանալուց առաջ:

«Մեր ամենշաբաթյա լսարանը կազմում է 140 միլիոն մարդ: Շրջելով աշխարհով մեկ՝ հայտնաբերեցի, որ արտերկրում «Ամերիկայի Ձայն»-ը շատ ավելի մեծ ճանաչում և համբավ ունի, քան այստեղ՝ Միացյալ Նահանգներում: Դրա պատճառն այն է, որ մենք չունենք Միացյալ Նահանգներում մեր հաղորդումները հրապարակելու մանդատ: Լրագրողական տեսակետից «Ամերիկայի Ձայն»-ը Վաշինգտոնի ամենալավ պահպանվող գաղտնիքներից է», - ասել է Դեյվիդ Էնզորը:

Հարցազրույցում «Ամերիկայի Ձայն»-ի տնօրենը նշել է նաև, որ ինքն իրականացնում է մի այնպիսի կազմակերպության ղեկավարում, որտեղ աշխատում են աշխարհի գրեթե բոլոր երկրներից եկած մարդիկ:

«Այս առումով այն փոքր-ինչ նման է Միավորված ազգերի կազմակերպությանը: Ընդհանրապես, մարդիկ այստեղ ունեն հիմնական երկու ձգտում: Առաջինը՝ օգուտ բերելու այս երկրին, որը նրանցից շատերի համար նոր տուն է դարձել: Երկրորդը՝ տրամադրելու ճշգրիտ և հավասարակշռված տեղեկատվություն իրենց ծագման երկրներից, քանի որ այն բավականին հաճախ հասանելի չէ այդ երկրներում», - ասել է «Ամերիկայի Ձայն»-ի տնօրենը՝ հավելելով. «Ամերիկայի Ձայն-ի ղեկավարությունից նրանք պահանջում են հասկանալ և աջակցություն տրամադրել իրենց աշխատանքին, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ տրամադրել ռազմավարական ուղղորդում՝ իրենց լսարաններին տրամադրվող լրատվությունը բարելավելու նպատակով»:

Դեյվիդ Էնզորը նշել է նաև, թե խմբագիրներին և լրագրողներին է թողնում խմբագրական աշխատանքը և չի իրականացնում տեքստերի խմբագրում:

«Ես աշխատում եմ «Ամերիկայի Ձայն»-ի ընդհանուր քաղաքականությունը մշակելու վրա», - ասել է Էնզորը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է կազմակերպության կառավարման, որպես ամենամեծ մարտահրավեր կարող եմ նշել մեր ծրագրերի փոխանցումը բազմաթիվ այնպիսի հարթակներ, որոնք այժմ օգտագործվում են մեր ունկնդիրների կողմից: Օրինակ՝ Չինաստանի համար մինչ այժմ ռադիոհաղորդումներ ենք պատրաստում, սակայն պատրաստում ենք նաև արբանյակային կապի միջոցով հաղորդվող երկժամյա ծրագիր: Որոշ տվյալների համաձայն, Չինաստանում բնակչության մոտ 10 տոկոսն արբանյակային ալեհավաքներ է օգտագործում: Մենք նաև բավականին արագ ենք շարժվում թվային հեռարձակում ապահովելու ուղղությամբ»:

Պատասխանելով այն հարցին, թե ով է իր համար գործունեության օրինակ ծառայում, «Ամերիկայի Ձայն»-ի տնօրենը նշել է երեք անձանց, որոնցից առաջինը ԱՄՆ-ի այժմ գոյություն չունեցող Տեղեկատվական վարչության չորրորդ տնօրեն Էդվարդ Մուռոուն է: «Ամերիկայի Ձայն»-ն այն ժամանակ մտնում էր ԱՄՆ-ի տեղեկատվական վարչության կազմի մեջ, և Մուռոուն նպաստել է «Ամերիկայի Ձայն»-ի իրական լրատվամիջոց դառնալուն:

Որպես իր գործունեության վրա մեծ ազդեցություն ունեցած երկրորդ անձ «Ամերիկայի Ձայն»-ի տնօրենը նշել է «Էյ-Բի-Սի» հեռուստաընկերության «Աշխարհի անցուդարձ» երեկոյան ծրագիրը բազում տարիների ընթացքում վարած Փիթեր Ջենինգսին:

«Նա իմ ուսուցիչն ու ընկերն էր: Նա նվիրված էր լուրերը ճշգրիտ, հնարավորինս՝ առաջինը հասցնելուն, սակայն ամենակարևորն այն էր, որ ինքը լուրերը ներկայացնում էր գրավիչ և պատկերավոր եղանակով», - ասել է Էնզորը:

«Որպես երրորդ օրինակ պետք է նշեմ Լեո Սարգսյանին, որը վերջերս, 91 տարեկան հասակում, թոշակի է անցել «Ամերիկայի Ձայն»-ում աշխատելուց հետո: Նա երաժշտագետ է, երաժիշտ և հիանալի հաղորդավար: Լեոն մի քանի տասնամյակ շարունակ հիանալի աշխատանք է տարել Աֆրիկայի երաժշտության զարգացման, ինչպես նաև Աֆրիկայում «Ամերիկայի Ձայն»-ի ազդեցության բարելավման ուղղությամբ: Նա եղել է մեր երկրի մշակութային դեսպանն այդ ամբողջ մայրցամաքում: Այս տարի նշվել է «Ամերիկայի Ձայն»-ի 70-րդ տարեդարձը, և այդ բոլոր տարիների ընթացքում Լեոն եղել է մեզ հետ՝ հպարտություն պարգևելով մեր երկրին», - եզրափակելով հարցազրույցը՝ ասել է «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Դեյվիդ Էնզորը:
XS
SM
MD
LG