Մատչելի հղումներ

«Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության անվտանգությունը պատշաճ մակարդակի չէր»


«ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան ղեկավարության շարքերում կանոնավոր կերպով կատարվել են սխալներ և տեղ են գտել կառավարման թերություններ»

Լիբիայի Բենգազի քաղաքում այս տարվա սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակման հանգամանքների հետաքննություն իրականացնող մասնագետների խումբը եզրակացրել է, որ հյուպատոսության անվտանգության մակարդակը «ընդհանրապես պատշաճ չէր»:

Հաշվետվողականության ուսումնասիրության խորհրդի համաձայն, ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան ղեկավարության շարքերում «կանոնավոր կերպով թույլ տրվող սխալների և կառավարման թերությունների» արդյունքում անվտանգության մակարդակը չի համապատասխանել այն մակարդակին, որն անհրաժեշտ էր՝ Լիբիայի արևելյան այդ քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակման դեմն առնելու համար:

Խորհուրդը հայտնել է նաև, որ հարձակման ժամանակին Բենգազիում գտնվող հյուպատոսության դիվանագետների անվտանգությունն ապահովող անձնակազմի թիվը «պատշաճ չէր»՝ չնայած Լիբիայում դիվանագետների կողմից անվտանգության լրացուցիչ անձնակազմ գործուղելու մասին ներկայացված բազմաթիվ դիմումների:

Հաշվետվողականության ուսումնասիրության խորհրդի ավագ երկու անդամներ՝ նախկին դեսպան Թոմաս Փիքերինգի և ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի նախկին ղեկավար, ծովակալ Մայք Մյուլենը ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին խորհրդի եզրակացությունների վերաբերյալ վկայություններ կներկայացնեն չորեքշաբթի օրը: Փիքերինգն ու Մյուլենը վկայությունների ներկայացման նիստը կանցկացվի դռնփակ:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները նույն հանձնաժողովներին վկայություններ կներկայացնեն հինգշաբթի օրը՝ դռնբաց նիստի ընթացքում:
XS
SM
MD
LG