Մատչելի հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հետ


«Հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը և Լամմերթը քննարկեցին փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորված արտակարգ իրավիճակը»

«Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ: Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը և Լամերթը քննարկեցին փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորված արտակարգ իրավիճակը»:

Այս մասին ասված է Հայաստանի ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պաշտոնական կայքում, որի փոխանցմամբ հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ հայ ժողովրդի կամքը պետք է հարգվի:

«Ցեղասպանության իր սեփական պատմության հետ առերեսվելու՝ Գերմանիայի փորձի և ժողովրդավարական աշխարհում առաջատար դառնալու հանգամանքով պայմանավորված՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավտորիտարիզմը և կեղծված ընտրությունները պաշտպանելու փոխարեն կարող է հարգանքի արժանացնել ժողովրդավարական շարժմանը և փետրվարի 18-ին ժողովրդի կամքի հստակ արտահայտությանը», - եզրափակում է հաղորդագրությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին ընդունել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Բունդեսթագի նախագահը Հայաստանի նախագահի հետ հանդիպման սկզբում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին և հաջողություն մաղթել պաշտոնավարման երկրորդ շրջանում: Հայաստանի հետ հարաբերությունները, Նորբերթ Լամերթիի համոզմամբ, ավանդաբար լավ և բարեկամական են, ինչը, նրա կարծիքով, ամուր հիմք և լավ նախադրյալ է խորհրդարանական մակարդակով համագործակցությունն ավելի խորացնելու համար:

Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում Բունդեսթագի ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:
XS
SM
MD
LG