Մատչելի հղումներ

«Օլանդը Հայաստան այցելելու ծրագրեր չունի». Դեսպան


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ «Amplitude Systemes» ընկերության արտադրամասի այցելության ընթացքում (արխիվային լուսանկար)

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ «Amplitude Systemes» ընկերության արտադրամասի այցելության ընթացքում (արխիվային լուսանկար)

«Հայաստան Օլանդի այցի մասին հաղորդագրությունը բացարձակապես անակնկալ է եղել ինձ համար»

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ճանապարհորդության ծրագրերում չի ընդգրկված ապրիլի 24-ին Հայաստան այցելելու ծրագիրը»:

Այս մասին, ըստ «Հուրիեթ» պարբերականի, հաղորդել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին:

«Որքանով տեղյակ եմ, նման այցելության մասին ծրագրեր չկան: Այդ մասին հաղորդագրությունը բացարձակապես անակնկալ է եղել ինձ համար», - ասել է դեսպան Բիլին:

Հիշեցնենք, որ նույն պարբերականն այս շաբաթվա սկզբին հաղորդել էր այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախատեսում է Հայաստան այցելել ապրիլի 24-ին՝ «ընդունելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անցյալ տարվա նոյեմբերին ուղարկված՝ Հայաստան 2013 թվականին այցելելու հրավերը»:

Պարբերականը, «վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրները», հաղորդել էր նաև, թե Օլանդը նախատեսում է մինչև 2014 թվականին կայանալիք տեղական ընտրությունները «ցեղասպանությանը նվիրված համոզիչ ուղերձով» հանդես գալ ֆրանսիահայ համայնքի առջև:

Ֆրանսիայի Սենատն անցյալ տարվա հունվարի 23-ին քվեարկել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:

Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել էր օրինագիծ, որով նախատեսվում էր մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:

Ֆրանսիայի սահմանադրական դատարանը սակայն մոտ մեկ ամիս անց հակասահմանադրական էր ճանաչել այս օրինագիծը:

XS
SM
MD
LG