Մատչելի հղումներ

Սիրիայի Պալմիրա քաղաքում ինքնասպան ահաբեկիչների թիրախն էր դարձել ռազմական հետախուզության ծառայության ստորաբաժանումը

Սիրիայի ընդդիմադիր ակտիվիստների համաձայն, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մի քանի թաղամասում սկսվել են ծանր մարտեր կառավարական ստորաբաժանումների և ընդդիմության ուժերի միջև:

Սիրիայի կենտրոնական մասում գտնվող Պալմիրա քաղաքում չորեքշաբթի օրը նույնպես տեղի են ունեցել բռնություններ: Ինքնասպան ահաբեկիչների թիրախն էր դարձել քաղաքում գտնվող ռազմական հետախուզության ծառայության ստորաբաժանումը, որի մոտակայքում պայթեցվել է երկու մեքենա: Հարձակման զոհ է գնացել 12 մարդ:

Պետական լրատվամիջոցները սակայն ներկայացրել են Պալմիրայում տեղի ունեցած իրադարձությունների այլ նկարագրություն: Նրանց համաձայն, ինքնասպան ահաբեկիչները պայթյուններն իրականացրել են քաղաքի բնակելի թաղամասում:

Միավորված ազգերի կազմակերպության գնահատականների համաձայն, Սիրիայում 2011 թվականի մարտից սկսված հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 60 հազար մարդ:

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցերով հանձնակատար Լախդար Բրահիմին անցյալ շաբաթ զգուշացրել էր, որ Սիրիան «ոչնչացվում է»՝ հորդորելով այս երկրի հարցով միասնական որոշման գալ չկարողացող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմել գործողությունների՝ իրավիճակի վատթարացումից խուսափելու համար:

«Սիրիան ոչնչացվում է մաս-մաս: Եվ Սիրիան ոչնչացնելու արդյունքում տարածաշրջանը կկանգնի չափազանց դժվար և ամբողջ աշխարհի համար չափազանց կարևոր իրավիճակի առջև: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Անվտանգության խորհուրդը պարզապես չի կարող շարունակել պահպանել տարաձայնությունների պատճառով առկա բաժանվածությունը և շարունակել այս խնդրի լուծման հետաձգումը: Կարծում եմ՝ այս խնդրով պետք է զբաղվել հենց հիմա», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված խոսքում ասել էր ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատար Լախդար Բրահիմին:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն անցյալ շաբաթ հայտնել էր Սիրիայի հետ հարևանությամբ գտնվող պետություններում փախստականների կտրուկ աճի մասին:

ՄԱԿ-ի ՓԳՀ-ի գրասենյակի համաձայն, անցյալ տարվա դեկտեմբերի կեսին գրանցված է եղել Սիրիայից 515 հազար փախստական: Այս թիվը, ըստ գործակալության, ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ավելացել է 200 հազարով, սակայն նույնիսկ այս գնահատականները կարող են ցածր լինել՝ հաշվի առնելով շարունակվող ճգնաժամի ծավալները:
XS
SM
MD
LG