Մատչելի հղումներ

Գյուլի շնորհավորանքը Սարգսյանին պարզաբանել է Թուրքիայի արտգործնախարարությունը


«Շնորհավորական նամակն ուղարկվել է մեր ազգային ավանդույթներին համապատասխան»

«Թուրքիայի նախագահի Աբդուլլահ Գյուլի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ուղարկված շնորհավորական նամակն ուղարկվել է մեր ազգային ավանդույթներին համապատասխան: Ինչպես և նախկինում, այլ պետություններում ընտրությունների արդյունքների մասին հայտարարելուց հետո շնորհավորական նամակ է ուղարկվում»:

Նման մեկնաբանություն Թուրքիայի արտգործնախարարությունը, Ադրբեջանի լրատվամիջոցների համաձայն, ուղարկել է՝ արձագանքելով Թուրքիայում «APA» ադրբեջանական լրատվական գործակալության թղթակցի կողմից ներկայացված հարցին: Լրագրողը հետաքրքրվել էր, արդյոք Աբդուլլահ Գյուլի կողմից Սերժ Սարգսյանին ուղարկված շնորհավորանքը նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո հանդիսանում է Թուրքիայի դիվանագիտական ավանդույթ, թե այն պարզապես Թուրքիայի նախագահի անձնական նախաձեռնությունն է:

Թուրքիայի արտգործնախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է նաև, որ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին դեկտեմբերի 16-ին, և որ «հաղորդագրություններն ուղարկվում են քաղաքավարության միջազգային կանոնների շրջանակներում, և օգտակար կլիներ այս նամակը դիտել նման համատեքստում»:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ըստ թուրքական աղբյուրների, շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ փետրվարի 20-ին: Գյուլի շնորհավորանքը մեծ արձագանքի է արժանացել Ադրբեջանում, որի քաղաքական գործիչները պահանջել են պարզաբանել Թուրքիայի նախագահի այս քայլը:

XS
SM
MD
LG