Մատչելի հղումներ

«Դորիանս» հայկական ռոք խմբի մենակատար Սուջյանն արդեն ունի «Եվրատեսիլ»-ի մասնակցելու փորձ

«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի ռոք երգիչ Գոռ Սուջյանը:

Այս մասին հաղորդել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքը՝ հիշեցնելով, որ «Դորիանս» հայկական ռոք խմբի մենակատար Սուջյանն արդեն ունի «Եվրատեսիլ»-ի մասնակցելու փորձ: Երգի այս մրցույթին կատարողը մասնակցել էր 2010 թվականին՝ որպես «բեք-վոկալ»՝ Էվա Ռիվասի կատարման ժամանակ:

«Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը ներկայացնող կատարողի մասին, կայքի վկայությամբ, հայտնել էր «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակությունը, որի համաձայն Գոռ Սուջյանն ընտրվել է ներքին քվեարկության միջոցով:

«25-ամյա Գոռ Սուջյանը Հայաստանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող ռոք կատարողն է, որը հայտնի է իր ձայնային ուրույն տվյալների համար: Գոռը ջազ-երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանի որդին է: 2010 թվականի Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը Գոռ Սուջյանին շնորհվել էր «Տարվա լավագույն երգիչ» մրցանակը», - հայտնել է կայքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվար ամսվա սկզբին «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել էր մի հոդված, որտեղ նշվել էր, որ «Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը կարող էր ներկայացնել «Քելե քելե» կատարումով երկիրը «Եվրատեսիլ-2008»-ին արդեն ներկայացրած Սիրուշոն:

Սիրուշոյի կատարման արդյունքում Հայաստանն այդ տարի գրավել էր մրցույթում մինչ օրս նվաճած ամենաբարձր՝ չորրորդ տեղը:
XS
SM
MD
LG