Մատչելի հղումներ

Ժերար Դեպարդյեն ստացել է Մորդովիայի մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ


Ֆրանսիացի դերասանը սակայն չընդունեց առաջարկությունը՝ ասելով, թե ինքն արդեն իսկ «աշխարհի մշակույթի նախարարն է»

Ռուսաստանի քաղաքացիություն վերջերս ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ժամանել է Ռուսաստանի Մորդովիայի Հանրապետություն, որտեղ տեղի իշխանություններն առաջարկել են դերասանին մշտական կացություն հաստատել:

Նման առաջարկություն Դեպարդյեին արել է Մորդովիայի ղեկավար Վլադիմիր Վոլկովը՝ տեղի թատրոնում անցկացված հանդիպման ընթացքում: Դեպարդյեն ստացել է նաև հանրապետության մշակույթի նախարարի ներկայումս թափուր պաշտոնը զբաղեցնելու առաջարկ:

Ժերար Դեպարդյեն սակայն չի ընդունել առաջարկը՝ ասելով, թե ինքն արդեն իսկ «աշխարհի մշակույթի նախարարն է»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ օրը Ժերար Դեպարդյեն այցելել էր Ռուսաստանի Սոչի քաղաք, որտեղ ստացել էր Ռուսաստանի քաղաքացու անձնագիր և նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մասնակցել ճաշկերույթի:

Պուտինը Դեպարդյեին քաղաքացիություն է շնորհել դերասանի կողմից Ֆրանսիան հարկադրույքների կտրուկ բարձրացման պատճառով լքելու մասին որոշում կայացնելուց հետո: Այս տարվա սկզբից տարեկան 1 միլիոն եվրո վաստակող ֆրանսիացիների նկատմամբ կիրառվող հարկադրույքները աճել են՝ հասնելով 75 տոկոս ցուցանիշի: Ռուսաստանում բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառվող եկամտահարկի չափը կազմում է 13 տոկոս:

XS
SM
MD
LG