Մատչելի հղումներ

Դիվանագետները ջանք են գործադրում՝ «Համաս»-ի զինյալների և Իսրայելի միջև բռնությունները դադարեցնելու նպատակով

Իսրայելի և Գազայի գոտու միջև չորեքշաբթի օրը շարունակվել են փոխադարձ հարձակումները՝ չնայած դիվանագետներն առավել ինտենսիվ ջանքեր են գործադրում՝ ուղղված Իսրայելի և «Համաս»-ի զինյալների միջև բռնությունները դադարեցնելուն:

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի մարդատար ավտոբուսներից մեկում տեղի է ունեցել առնվազն 10 վիրավորի պատճառը դարձած պայթյուն: Այս պայթյունը «ահաբեկչական հարձակում» է որակվել Իսրայելի իշխանությունների կողմից:

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը քննարկել է տեղի ունեցող հակամարտությունը պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Աբբասն ասել է, թե աշխատում է ՄԱԿ-ի, Հորդանանի և ԱՄՆ-ի հետ՝ հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը չորեքշաբթի ավելի վաղ հանդիպում է անցկացրել պաղեստինցիների ղեկավարների հետ, որից հետո վերադարձել է Երուսաղեմ՝ Իսրայելի ղեկավարության հետ բանակցությունների:

Արտգործնախարար Քլինթընը չորեքշաբթի նախատեսում է նաև հանդիպում անցկացնել Կահիրեում՝ Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մորսիի հետ:

ԱՄՆ-ի արտգործնախարարը նախօրեին ստեղծված անկայուն իրավիճակի քննարկմանը նվիրված երկժամյա հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Իսրայելի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում Քլինթընը վերահաստատել է Իսրայելի անվտանգության ապահովման նկատմամբ Միացյալ Նահանգների հանձնառությունը, ինչպես նաև Իսրայելի ուղղությամբ ահաբեկիչների կողմից իրականացվող հրթիռային հարձակումների դադարեցման անհրաժեշտությունը:

Քլինթընը նշել է նաև, որ շատ է ցավում խաղաղ ցանկացած բնակչի՝ լինի Իսրայելի քաղաքացի, թե պաղեստինցի, մահվան համար:

XS
SM
MD
LG