Մատչելի հղումներ

Թահրիր հրապարակում զինյալների կողմից իրականացված հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել ինը մարդ

Դիմակավոր զինյալները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կրակ են բացել քաղաքի կենտրոնական Թահրիր հրապարակում վրանային ճամբարի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ:

Զինյալների հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել ինը մարդ: Հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ երկրի նախագահ Մոհամեդ Մորսիի ընդդիմախոսներն ու կողմնակիցները պատրաստվում են զանգվածային ցույցերի անցկացման:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Թահրիր հրապարակում հարձակումն իրականացվել է երեքշաբթի առավոտյան: Կեսօրին կողմ հրապարակում իրավիճակը հանգիստ էր մնում, սակայն ցուցարարների թիվը տարածքում սկսել է ավելանալ:

Ընդդիմության առաջնորդները ճնշում են գործադրում նախագահ Մորսիի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի շաբաթ օրը նշանակված սահմանադրական հանրաքվեն:

Ազատականներ Մոհամեդ ԷլԲարադեի և Ամր Մուսայի կողմից առաջնորդվող ընդդիմադիր «Ազգային փրկության ճակատ»-ը կոչ է արել իր կողմնակիցներին երեքշաբթի օրը երթով անցնել դեպի նախագահական պալատ: «Ազգային փրկության ճակատ»-ի համաձայն, սահմանադրության նախագծում պատշաճ եղանակով ներկայացված չեն Եգիպտոսի բոլոր բնակիչների շահերը:

Ի պատասխան ընդդիմության գործողությունների, Եգիպտոսի նախագահը երկուշաբթի օրը երկրի զինված ուժերին տվել է քաղաքացիական անձանց ձերբակալելու լիազորություն, ինչը կազմում է երկրում շաբաթ օրը կայանալիք սահմանադրության շուրջ հանրաքվեի ընթացքում անվտանգությունը պաշտպանելու մասին հրամանագրի մասերից մեկը:

Այս հրամանագրով զինված ուժերին հանձնարարվել է ոստիկանության հետ մեկտեղ պաշտպանել «կենսական նշանակություն ունեցող ինստիտուտները»:

Եգիպտոսի աշխարհիկ բնակիչներից շատերը մտավախություն ունեն, որ նոր սահմանադրությունը կարող է խարխլել քաղաքացիական ազատությունները, քանի որ դրանով նախատեսված է բարձրացնել իսլամական օրենքի դերը՝ միաժամանակ որևէ հստակ նշում չկատարելով կանանց իրավունքների մասին:

XS
SM
MD
LG