Մատչելի հղումներ

Նախագահ Օլանդ. «Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի բանակցությունները հասնեն իրենց վերջնական հանգրվանին»


Ֆրանսիայում կայացել է հանդիպումը Ֆրանսուա Օլանդի և Սերժ Սարգսյանի միջև

Ֆրանսիա պաշտոնական այցով ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Նախագահները գոհունակությամբ փաստել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ բարեկամական առնչությունները ամուր հիմք են միջպետական առանձնաշնորհյալ հարաբերություններ զարգացնելու և ավելի ամրապնդելու գործում:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու, Հայաստանում Ֆրանսիայի տնտեսական ներկայությունն ընդլայնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը խթանելու կարևորությունը:

Նկատի առնելով Հայաստանի անդամակցությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մշակութային, գիտական կապերի ընդլայնմանը պետական և հասարակական լայն աջակցության շարունակականութան ապահովման ուղղությամբ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում Ֆրանսիայի մշտական աջակցության համար:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով:

Իր հայտարարության մեջ Ֆրանսիայի նախագահ Օլանդը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

«Իհարկե, հանդիպման ժամանակ հիմնականում խոսեցինք ամենակարևոր հարցի մասին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է», - ասել է նախագահ Օլանդը՝ հավելելով. «Ելնելով նաև իմ պատասխանատվության շրջանակներից, քանի որ Ֆրանսիան համանախագահն է Մինսկի խմբի, ես վերահաստատեցի, որ մենք պիտի ամեն ինչ անենք, և որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի բանակցությունները հասնեն իրենց վերջնական հանգրվանին։ Դրանք ինչ-որ պահի դադարել էին, պիտի վերսկսվեն և ընթանան մինչև վերջ, ընդորում՝ մեզ հայտնի սկզբունքների հիման վրա՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որպեսզի այս հիմնահարցը գտնի տևական, ես կասեի՝ վերջնական լուծում: Սա նաև իմ պատասխանատվության շրջանակի հարց է, քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է»:

XS
SM
MD
LG