Մատչելի հղումներ

Կառավարական ստորաբաժանումները հրետանային հարված են հասցրել ապստամբների հենակետ Դումա քաղաքի տարածքների ուղղությամբ

Ընդդիմության ակտիվիստների համաձայն, Սիրիայի կառավարական օդուժի ռազմական օդանավերն ուրբաթ օրը ռմբակոծել են մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող թիրախները:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է նաև, որ կառավարական ստորաբաժանումները հրետանային հարված են հասցրել ապստամբների հենակետ Դումա քաղաքի տարածքների ուղղությամբ:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունն իր հերթին հայտնել է, թե Դամասկոսում նախօրեին ինքը զոհի պատճառը դարձած պայթյունն իրականացվել է «ահաբեկիչների» կողմից տեղադրված պայթուցիկ նյութերը գործարկելու միջոցով:

Այս պայթյունի համար դեռևս որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել:

Միավորված ազգերի կազմակերպության հանձնարարությամբ իրականացված ուսումնասիրության վերջերս հրապարակված արդյունքները վկայում են այն մասին, որ Սիրիայում չդադարող հակամարտության զոհ է գնացել առնվազն 60 հազար մարդ:

Վերլուծաբանների ու հետազոտողների կողմից հինգ ամսվա ընթացքում տեղեկատվության յոթ աղբյուրների, ներառյալ Սիրիայի կառավարության կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում կազմվել է 2011 թվականի մարտի 15-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զոհված 59648 անձանց անունները պարունակող ցուցակ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի վերջից հակամարտությունը չի դադարել, կարող ենք եզրակացնել, որ 2013 թվականի սկզբի դրությամբ զոհվել է ավելի քան 60 հազար մարդ», - շաբաթվա սկզբին ասել էր Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը՝ հավելելով. «Զոհերի թիվը զգալիորեն գերազանցում է կանխատեսումները, և դա իսկապես ցնցող հանգամանք է»:

Որոշ կարծիքների համաձայն, Սիրիայում զոհվածների վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից ներկայացված գնահատականը սակայն ցածր է, քանի որ հետազոտությունում հաշվի չեն առնվել անհայտ կորած անձանց մասին տվյալները:
XS
SM
MD
LG