Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Ռուսաստանի ածխի հանքահորերից մեկում պայթյունի հետևանքով


«Վորկուտինսկայա» ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 18 հանքագործ

Ռուսաստանի իշխանությունների համաձայն, «Վորկուտինսկայա» ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 18 հանքագործ: Փրկարար ծառայությունների աշխատողներին հաջողվել է հանքից բարձրացնել զոհվածների տասը դի:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ 800 մետր խորության վրա վթարի ենթարկված հատվածից հնարավոր եղավ փրկել ութ հանքագործի, ևս հինգ հանքագործ կարողացել են ինքնուրույն բարձրանալ հանքից:

«Վորկուտինսկայա» ածխի հանքահորը մտնում է Ռուսաստանի ածխային արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Վորկուտաուգոլ» բաց բաժնետիրական ընկերության կազմի մեջ:

«Վորկուտինսկայա» ածխի հանքահորը շահագործման մեջ է դրվել դեռևս 1973 թվականին: Այդ ժամանակից հանքահորում հինգ խոշոր վթար է տեղի ունեցել:

Նախնական տեղեկությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել մեթան գազի կուտակման հետևանքով: Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ: Վթարի վայրում աշխատանքներ է մեկնարկել օպերատիվ հետախուզական խումբը:

XS
SM
MD
LG