Մատչելի հղումներ

ԵՄ-ի բյուջեին նվիրված բանակցություններում առաջընթաց գրեթե չի գրանցվել


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն

ԵՄ-ի գագաթաժողովում լարվածություն է պահպանվում դաշինքի հարուստ պետությունների և իրենց բյուջեներին օգնության տրամադրում ակնկալող երկրների միջև:

Եվրոպական Միության ղեկավարներն ուրբաթ օրը դաշինքի նոր բյուջեին և տնտեսական ճգնաժամը հաղթահարելուն նվիրված բանակցությունների երկրորդ օրվա ընթացքում առաջընթաց գրեթե չեն գրանցել:

Բրյուսելում անցկացվող ԵՄ-ի գագաթաժողովում բացի այդ լարվածություն է պահպանվում դաշինքի հարուստ պետությունների և իրենց բյուջեներին օգնության տրամադրում ակնկալող երկրների միջև:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը, որը հանդես է գալիս ծախսերի մակարդակի նվազեցման կողմ, նշել է, թե գագաթաժողովի ընթացքում առաջընթաց չի գրանցվել ծախսերն ավելացնելու վերաբերյալ առաջարկների նվազեցման առումով: Քամերոնը նշել է, որ անհրաժեշտ է նվազեցնել դիվանագետների «անթույլատրելի ծախսերը»՝ ասելով, որ նման կրճատումներ այժմ իրականացվում են Մեծ Բրիտանիայի բյուջեում և պետք է իրականացվեն նաև Եվրամիության կողմից:

Դաշինքի 2007-ից 2013 թվականներն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված բյուջեն կազմում է 1,28 տրիլիոն դոլար, իսկ այժմ քննարկվող բյուջեի առաջարկը վերաբերում է մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածին:

Մեծ Բրիտանիայի վարչապետը, որի վրա ճնշում է գործադրվում իր գլխավորած Պահպանողական կուսակցության կողմից, Եվրամիության ծախսերը սահմանափակելու հիմնական կողմնակիցն է: Քամերոնի դիրքորոշման հետ համամիտ են Նիդերլանդների, Շվեդիայի, և որոշ չափով՝ Գերմանիայի առաջնորդները:

Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրոպական Հանձնաժողովը սակայն սատարում է դաշինքի ծախսերի ավելացումը՝ պնդելով, որ միջսահմանային նախաձեռնությունները նպաստում են տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:
XS
SM
MD
LG