Մատչելի հղումներ

Բախումներ Եգիպտոսում՝ նախագահական պալատի մոտակայքում


Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում նախագահական պալատի մոտակայքում չորեքշաբթի օրը բախումներ են տեղի ունեցել նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցների ու ընդդիմախոսների միջև:

Նախագահական պալատի մոտ չորեքշաբթի օրը հավաքվել են նախագահին սատարող հավաքներ անցկացնելու «Մահմեդական եղբայրություն» կազմակերպության կոչին արձագանքած նախագահ Մորսիի կողմնակիցները, որոնց թիվը հետզհետե գերազանցել է նախագահի ընդդիմախոսների թվին:

Կահիրեում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Էդվար Երանյանի փոխանցմամբ, նախագահի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով հանվել են Թահրիր հրապարակում գտնվող վրանները, որից հետո ընդդիմության ցուցարարներից շատերը ստիպված են եղել փախուստի դիմել:

Իսլամիստական «Մահմեդական եղբայրություն» կազմակերպությունը չորեքշաբթի օրն ավելի վաղ կոչ էր արել հանրահավաքն անցկացնել նախագահի նստավայրի մոտ՝ ասելով, թե հանրահավաք անցկացնելու կոչով դիմել է բնակչությանն այն պատճառով, որ «ընդդիմությունը փորձում է իր կարծիքը պարտադրել՝ ուժի կիրառման միջոցով»:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը չորեքշաբթի օրը հորդորել է Եգիպտոսի ժողովրդին բաց երկխոսություն անցկացնել:

«Կահիրեի և այլ քաղաքների փողոցներում կրկին տեղի ունեցող խռովությունները վկայում են այն մասին, որ առկա է երկխոսություն հրատապ անցկացնելու անհրաժեշտություն», - ասել է արտգործնախարար Քլինթընը Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովի ընթացքում:

Կահիրեում ընդդիմության որոշ ներկայացուցիչներ խոստացել են չլքեր Թահրիր հրապարակն այնքան ժամանակ, մինչև նախագահ Մորսին չդադարեցնի նախագահին չափազանց լայն լիազորություններ տրամադրելու մասին անցյալ ամիս արձակած իր հրամանագիրը, որով վերջինս փաստացի դուրս է գալիս երկրի դատական մարմինների վերահսկողությունից:

Եգիպտոսի ոստիկանությունը երեքշաբթի օրն արցունքաբեր գազ է կիրառել նախագահական պալատից դուրս հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարների նկատմամբ: Ոստիկանությունը փորձել էր կանգնեցրել նախագահական պալատը գրոհած ամբոխը, սակայն բավականին շուտ նահանջել է՝ թույլ տալով ցուցարարներին հատել նախագահական պալատը շրջապատող պարիսպը: Նախագահ Մորսին, որը ցույցից առաջ պալատում է եղել, երթը մեկնարկելուց հետո լքել է այն:
XS
SM
MD
LG