Մատչելի հղումներ

Եգիպտոսի ընդդիմությունը բողոքի նոր ցույցեր անցկացնելու կոչ է արել


Ընդդիմությունը սակայն պնդում է, որ սահմանադրության նախագծի շուրջ քվեարկության ընթացքում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ

Եգիպտոսի ընդդիմության հիմնական դաշինքը կոչ է արել նոր ցույցեր անցկացնել ընդդեմ սահմանադրության նախագծի, որի շուրջ հանրաքվեի երկրորդ փուլը կանցկացվի գալիք շաբաթ օրը:

«Ազգային փրկության ճակատը» հորդորել է Եգիպտոսի բնակչությանը հինգշաբթի օրն անցկացնել բողոքի ցույցեր առաջարկված փաստաթղթի ընդունման դեմ՝ պնդելով, որ դրանով կարող են խարխլվել քաղաքացիական ազատությունները՝ նախագծում կանանց իրավունքների վերաբերյալ որևէ անդրադարձ չկատարելու և իսլամական իրավունքի դերն ամրապնդելու հետևանքով:

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին ավելի վաղ հայտնել է, թե անցյալ շաբաթվա վերջին սահմանադրության նախագծի շուրջ անցկացված քվեարկության արդյունքում ինքը հաղթանակած է դուրս եկել: Ընդդիմությունը սակայն պնդում է, որ քվեարկության ընթացքում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ:

Եգիպտոսի մի խումբ դատավորներ նախօրեին հայտնել են, որ չեն մասնակցելու հանրաքվեի երկրորդ փուլի վերահսկման: «Դատավորների պետական խորհուրդը» միացել է երկրի դատական մարմինների բազմաթիվ այն աշխատողներին, որոնք բոյկոտել են հանրաքվեի առաջին փուլը:

Սահմանադրության նախագծի շուրջ հանրաքվեի առաջին փուլն անցկացվել է Եգիպտոսի 27 նահանգներից 10-ում, ներառյալ երկրի խոշորագույն երկու քաղաքներ Կահիրեն ու Ալեքսանդրիան: Հանրաքվեի երկրորդ փուլը կանցկացվի մնացած նահանգներում, որոնց բնակչությունը հիմնականում կազմում են կրոնական պահպանողական հայացքների հարող գյուղացիական վայրերի բնակիչները:

Եգիպտոսի սահմանադրության նախագիծն օրենքի ուժ ստանալու համար պետք է հավաքի քվեարկության մասնակիցների ձայների պարզ մեծամասնությունը:

Երկրի նախագահ Մորսիին աջակցող «Մահմեդական եղբայրության» համաձայն, հանրաքվեի առաջին փուլում սահմանադրության նախագիծը հավանության է արժանացրել քվեարկողների 56 տոկոսը:

XS
SM
MD
LG