Մատչելի հղումներ

Եգիպտոսում շարունակվում են հակակառավարական ցույցերը, ցուցարարներն անտեսել են պարետային ժամը

Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարը զգուշացրել է, որ երկրում ծավալված քաղաքական ճգնաժամի արդյունքում «պետությունը կարող է կործանվել»:

Աբդել-Ֆաթահ էլ-Սիսին, որը միաժամանակ զբաղեցնում է Եգիպտոսի պաշտպանության նախարարի պաշտոնը, այս հայտարարությամբ հանդես է եկել երեքշաբթի օրը՝ հանդես գալով երկրի ռազմական ակադեմիայի սաների առջև:

Նման հայտարարությամբ Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարն ու պաշտպանության նախարարը հանդես է եկել երկուշաբթի լույս երեքշաբթի շարունակվող հակակառավարական ցույցերից հետո, որոնց մասնակիցները, անտեսելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակն ու սահմանված պարետային ժամը, հավաքվել էին Եգիպտոսի փողոցներում:

Ցուցարարներն հավաքվել էին Պորտ Սայիդ, Իսմայիլյա և Սուեզ քաղաքներում երկուշաբթի օրը տեղական ժամանակով երեկոյան ժամը 7-ից հետո, երբ ուժի մեջ էր մտել նախորդ օրը երկրի նախագահ Մոհամեդ Մորսիի կողմից սահմանված արտակարգ իրավիճակն ու պարետային ժամը:

Եգիպտոսի մի քանի քաղաքներում երկուշաբթի օրը ցուցարարները զայրացած արձագանքել էին առնվազն մեկ ամսով արտակարգ իրավիճակի սահմանման: Կահիրեում ցուցարարները քարկոծել են ոստիկանության հատուկ ուժերի ծառայողներին, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ: Խռովություններ են տեղի ունեցել նաև Պորտ Սաիդ և Սուեզ քաղաքներում:

Եգիպտոսի նախագահ Մորսին կիրակի օրը ազգային երկխոսության կոչ է արել՝ հրավիրելով ընդդիմադիր կազմակերպություններին ու քաղաքական գործիչներին բանակցությունների, որոնք պետք է կայանային երկուշաբթի օրը: Մորսիի այս նախաձեռնությունը սակայն տապալվեց, քանի որ ընդդիմադիր հիմնական կազմակերպությունը՝ Ազգային փրկության ճակատը, ինչպես նաև ընդդիմության այլ խմբերը հրաժարվել են մասնակցել որևէ բանակցությունների՝ նրանց առաջարկված պայմաններով:

Player cannot play this media
Ներբեռնել
XS
SM
MD
LG