Մատչելի հղումներ

Դատավորները փորձում են համոզել նախագահին սահմանափակել իր չափազանց լայն լիազորությունները

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնի երկրի Դատավորներին գերագույն խորհրդի հետ, որի ընթացքում դատավորները կփորձեն համոզել նախագահին սահմանափակել իր չափազանց լայն լիազորությունները:

Նախագահ Մոհամեդ Մորսին անցյալ շաբաթ հայտարարել էր իր որոշումները դատական կարգով կամ որևէ այն մարմնի միջոցով բողոքարկելու անհնարինության վերաբերյալ որոշում կայացնելու մասին: Եգիպտոսի նախագահի կողմից ընդունված որոշմամբ երկրի դատական իշխանությանն արգելվում է նաև ցրել խորհրդարանի վերին պալատը, ինչպես նաև նոր սահմանադրության մշակման վրա աշխատող ժողովը: Այս երկու մարմնում մեծամասնություն են կազմում նախագահ Մորսիի իսլամիստ դաշնակիցները:

Նախագահի որոշումը հրահրել է ընդդիմադիր ակտիվիստների բողոքի զանգվածային ցույցերը, որոնք երկուշաբթի օրը շարունակել են բողոքի ակցիաները և չեն լքել Կահիրեի Թահրիր հրապարակում հիմնադրած վրանային ճամբարը:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ազդեցիկ սենատոր Ջոն ՄըքՔեյնն «անընդունելի» է անվանել Մորսիի որոշումը:

«Երախտապարտ ենք Մորսիին Իսրայելի և «Համաս»-ի միջև զինադադար հայտարարելու գործում միջնորդության համար, սակայն իր որոշումն անընդունելի է: Նման որոշման չէին սպասում Միացյալ Նահանգների հարկատուները: Մեր կողմից տրամադրվող դոլարները պետք է անմիջական կապ ունենան ժողովրդավարության կառուցման գործում առաջընթացի հետ, որը Դուք խոստացել եք Եգիպտոսի ժողովրդին այն ժամանակ, երբ նախագահ եք ընտրվել», - ասել է սենատոր ՄըքՔեյնը ամերիկյան «Ֆոքս» հեռուստատեսուընկերությանը տված հարցազրույցում:

Նոբելյան մրցանակակիր, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, Եգիպտոսի ընդդիմության ակնառու գործիչ Մոհամեդ էլԲարադեյն անցյալ շաբաթ ասել էր, թե երկրի նախագահն իրեն «նոր փարավոն» է հռչակել: ԷլԲարադեյը նշել էր նաև, որ նախագահ Մորսին անօրինական եղանակով է իր ձեռքում կենտրոնացրել պետական բոլոր լիազորությունները՝ զգուշացնելով, որ այս քայլը կարող է բավականին ծանր հետևանքներ ունենալ:
XS
SM
MD
LG