Մատչելի հղումներ

Եգիպտոսում կրակի են մատնվել «Մահմեդական եղբայրության» գրասենյակները


«Երկրի նախագահն իրեն «նոր փարավոն» է հռչակել». Մոհամեդ էլԲարադեյ

Եգիպտոսի ընդդիմության կողմնակիցները Սուեզ, Պորտ Սայիդ և Իսմայիլիա քաղաքներում ուրբաթ օրը կրակի են մատնել «Մահմեդական եղբայրության» գրասենյակները:

Ցուցարարներն ուրբաթ օրվա աղոթքներից հետո բողոքի ցույցի են դուրս ելել Կահիրեի Թահրիր հրապարակում՝ արտահայտելով իրենց դժգոհությունը երկրի նախագահի կողմից իրեն չափազանց մեծ լիազորություններ ստանձնելու որոշման դեմ` այս քայլն անվանելով հակաօրինական:

Նոբելյան մրցանակակիր, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, Եգիպտոսի ընդդիմության ակնառու գործիչ Մոհամեդ էլԲարադեյի համաձայն, երկրի նախագահն իրեն «նոր փարավոն» է հռչակել: ԷլԲարադեյն ասել է նաև, որ նախագահ Մորսին անօրինական եղանակով է իր ձեռքում կենտրոնացրել պետական բոլոր լիազորությունները՝ զգուշացնելով, որ այս քայլը կարող է բավականին ծանր հետևանքներ ունենալ:

Այս ընթացքում «Մահմեդական եղբայրության» կողմնակիցները հավաքվել են Կահիրեում գտնվող նախագահական պալատի մոտ՝ ցուցադրելով իրենց աջակցությունը երկրի նախագահին:

Հիշեցնենք, որ երկրի նախագահ Մոհամեդ Մորսին հայտարարել է իր որոշումները դատական կարգով կամ որևէ այն մարմնի միջոցով բողոքարկելու անհնարինության վերաբերյալ որոշում կայացնելու մասին:

Նախագահ Մորսիի խոսնակը հինգշաբթի օրն այս հրամանագրի մասին հայտնելու ժամանակ նշել է, թե նման քայլն անհրաժեշտ է «հեղափոխությունը պաշտպանելու համար»:

Եգիպտոսի նախագահի կողմից ընդունված որոշմամբ երկրի դատական իշխանությանն արգելվում է նաև ցրել խորհրդարանի վերին պալատը, ինչպես նաև նոր սահմանադրության մշակման վրա աշխատող ժողովը: Այս երկու մարմնում մեծամասնություն են կազմում նախագահ Մորսիի իսլամիստ դաշնակիցները:

XS
SM
MD
LG