Մատչելի հղումներ

«Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է շարունակել զարգացնել և ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ»

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

«Եվրոպական հանձնաժողովի անունից կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ» - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում: - «Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է շարունակել զարգացնել և ամրապնդել հարաբերությունները ձեր երկրի հետ` ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների և հարակից ասոցացման օրակարգի համատեքստում: Ինչպես գիտեք, մենք հանձնառու ենք նաև ընդլայնելու շարժունակությունը և միջմարդկային շփումները Եվրոպական միության և Հայաստանի միջև` այս ուղղությամբ որպես առաջին կարևոր քայլ ունենալով անցյալ տարի բանակցված մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման և հետընդունման համաձայնագրերը»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն իր ուղերձում ողջունել է նախագահ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում ձեռնարկված բարեփոխումների գործընթացը և՛ հիմնարար արժեքների ամրապնդելուն ուղղված քայլերի, և՛ տնտեսական ու ոլորտային բարեփոխումների առումով:

«Եվրոպական Հանձնաժողովն ակնկալում է աջակցել Հայաստանին շարունակելու և ակտիվացնելու այս բարեփոխումները` ապահովելու ապագա ասոցացման համաձայնագրի սահուն իրականացումը և շոշափելի օգուտներ բերելու Հայաստանի քաղաքացիներին», - ասված է ուղերձում:

«Ես ողջունում եմ ընտրությունների բարելավված անցկացումը և ժողովրդավարական գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերում հավելյալ առաջընթացը: Քաջալերում եմ Ձեզ համընդգրկուն և թափանցիկ կերպով անդրադառնալ մնացյալ հարցերին, որոնք մասնավորապես բարձրացվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից: Վստահեցնում եմ Ձեզ այս բոլոր նախաձեռնություններում իմ ունեցած անձնական մեծ շահագրգռվածության և մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում իմ հանձնառության մասին», — ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոի շնորհավորական ուղերձում:
XS
SM
MD
LG